Ապրիլի 8-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նստաշրջանում ընդունվեց որոշում` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Նախկինում Հայաստանը Գործադիր կոմիտեում դիտորդի կարգավիճակ ուներ, իսկ անդամակցության դիմում ներկայացրել էր 2014թ. մայիսին: Հաշվի առնելով անդամակցության նպատակը` 2014թ. փետրվարին Հայաստանը դիմել էր նաև Գործադիր կոմիտեի Մշտական կոմիտեում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու համար, որը շնորհվել էր 2014թ. մարտին: Համաձայն ընթացակարգի` 2014թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը քննարկել և ընդունել է Գործադիր կոմիտեի ընդլայնման վերաբերյալ բանաձևը:
Հիմք ընդունելով այդ բանաձևի դրույթները՝ 2015թ. ապրիլի 8-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ հաստատվեց Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին:
Տեղեկանք: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի նիստը տեղի է ունենում տարեկան մեկ անգամ Ժնևում` գործակալության ծրագրերն ու բյուջեն վերանայելու և հաստատելու համար, միջազգային պաշտպանության հարցերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և նրա միջկառավարական ու ոչ կառավարական գործընկերների հետ բազմաթիվ այլ հարցեր քննարկելու համար: Գործադիր կոմիտեի Մշտական կոմիտեն հանդիպում է տարին մի քանի անգամ` իրականացնելու համար այդ մարմնի աշխատանքները լիագումար նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:
ՀՀ ԱԳՆ