Ապրիլի 9-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո:
2014թ. մրցանակաբաշխությունն իրականացվել է հետևյալ անվանակարգերով՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» և «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» շարադրությունների մրցույթ:
Ստացվել էին 95 հայտ՝ 15 երկրից /ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սիրիա, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Իսպանիա, Արգենտինա, ԱՄՆ/, իսկ մրցութային հանձնաժողովների կողմից գնահատման արդյունքներով հաստատվել գլխավոր, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակներ: Մրցանակակիրները 66-ն են:
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Արդեն 6-րդ տարին է, ինչ իրականացվում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակը մեկն է՝ արժևորել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մշակույթի պահպանման գործում կազմակերպությունների, անհատների ունեցած ներդրումը, արժևորել և գնահատել հայ համայնքների, կրթամշակութային կառույցների և լրատվամիջոցների գործունեությունը»:
Նախարարն ընդգծեց. «Ակնհայտ է, որ 2014թ. մրցանակաբաշխությունը պետք է նվիրված լիներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և մեր բոլոր աշխատանքները մեկ նպատակ պետք է ունենային՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին հնարավորինս ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Ուրախ եմ, որ տարեցտարի ավելանում է մրցանակաբաշխության մասնակիցների թիվը: Կարծում եմ, բոլոր համայնքներն անխտիր պետք է մասնակցեն այս մրցանակաբաշխությանը, որը, վստահ եմ, հայապահպանության բացառիկ խթան կդառնա»:
Նախարար Հ.Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր անվանակարգերի հանձնաժողովներին՝ նշելով, որ դժվար և պատասխանատու է եղել նրանց աշխատանքը: «Նա մասնավորապես բարձր գնահատեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Լավագույն հրապարակում» անվանակարգի հանձնաժողովի նախագահ Աստղիկ Գևորգյանին բարեխիղճ աշխատանքը», – նշեց նախարարը:
Նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արամ Աբրահամյանին՝ նշելով, որ միշտ էլ հեշտ և արդյունավետ է նրա հետ աշխատանքը:
«Ուզում եմ շնորհավորել բոլոր մասնակիցներին, քանի որ մասնակցությունն արդեն հաղթանակ է», – իր խոսքը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը՝ մասնակիցներին փոխանցելով Արա Աբրահամյանի խոսքը: «Մեզ համար հարազատ օջախ է դարձել ՀՀ սփյուռքի նախարարությունը և սիրով ենք համագործակցում համահայկական մրցանակաբաշխության կազմակերպման, ինչպես նաև նախարարության բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման շրջանակներում», – նշեց Արամ Սարգսյանը:
Հանդիսության մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օրհնանքի խոսք հղեց Գարեգին աբեղա Համբարձումյանը:
Լրատվամիջոցների «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» մրցույթում գլխավոր մրցանակի արժանացան Ռուսաստանի «Նոեվ կովչեգ» թերթը և Արգենտինայի իսպաներենով հրատարակվող «Սարդարապատ» շաբաթաթերթը, իսկ 11 լրատվամիջոց դարձան մրցանակակիրներ:
Հանձնելով մրցանակը Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց թերթի ողջ խմբագրակազմին Սիրիայի պատերազմական ծանր պայմաններում հայկական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը պահելու, պահպանելու համար:
«Մայրենիի պաշտպան» (անհատներ) անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան Սիրիայից՝ Տիգրան Փիլավճյանը, Լիբանանից՝ Պայծիկ Գալայճյանը, Օհան Պոտրումյանը և Անժել Միսիսյանը, Բելգիայից՝ Ագնես Դեկումենյանը, Ֆրանսիայից՝ Էմմա Մարտիրոսյանը և Վրաստանից՝ Անահիտ Բոստանջյանը:
Ստանալով մրցանակը՝ Պայծիկ Գալայճյանը առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին՝ նշելով, որ տարեցտարի ավելի է մեծանում նախարարության դերը Սփյուռքում, քանի որ նախարարության կողմից իրականացվող Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը ծառայում են իրենց նպատակին:
Ուկրաինայում գործող «Արագած» ազգային, մշակութային պաշտոնաթերթի անունից ստանալով թերթին տրված մրցանակը՝ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակին, հայ համայնքը ակտիվ նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և այս մրցանակը նոր խթան կհանդիսանա համայնքի ինքնակազմակերպմանը:
«Մայրենիի պաշտպան» (կազմակերպություն) անվանակարգում առաջին կարգի մրցանակների արժանացան ԱՄՆ-ի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, Ֆրանսիայի «ԺԱՖ» ֆրանսահայ երիտասարդաց միությունը և Ռուսաստանի (Թաթարստան) Հայկական կիրակնօրյա դպրոցը:
Երկրորդ և երրորդ կարգի մրցանակների արժանացան 8 կազմակերպություն և դպրոց՝ Ռուսաստանից, Վրաստանից և Բելգիայից:
«Լավագույն ամենօրյա կրթօջախ» անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան Արգենտինայի Մխիթարյան վարժարանը, Լիբանանի Զմմառի միաբանության Երանելի Իգնատիոս Մալոյյան և Ս.Միացյալ ընծայարանը և Ռուսաստանի Չալտր գյուղի միջնակարգ թիվ 1 դպրոցը:
Ստանալով մրցանակը՝ Զմմառի դպրեվանքի փոխտեսուչ, Զմմառեան Միաբանության դպրեվանքի և Ս.Միքայել Ընծայարանի Գերաշնորհ Հայր Մաշտոց Զահթէրեանը նշեց, որ առաջին կարգի մրցանակը մեծ պատիվ է իրենց համար և այսուհետ ավելի մեծ ջանքերով պիտի գործեն՝ համայնքում հայապահպանության և մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ուղղությամբ:
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» շարադրությունների մրցույթի անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացան Գերմանիայից Կլարա Տեր-Կարապետյանը և Ուկրաինայից՝ Վերոնիկա Վանյանը:
2-րդ և 3-րդ կարգի մրցանակների արժանացան 9 մասնակից՝ Վրաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը «Արի տուն» ծրագիրը կազմակերպելու և հայրենիքում իրեն ջերմորեն հյուրընկալելու համար՝ Գերմանիայից ժամանած Կլարա Տեր-Կարապետյանը նշեց, որ Գերմանիայի պետական կառույցների ուշադրությունը գրաված իր շարադրությունը գրել է միմիայն «Արի տուն» ծրագրի շրջանակներում հայրենիքը ճանաչելու և սիրելու շնորհիվ:
Նշանակալի է, որ մրցանակակիրներից մի քանիսը դրամական պարգևները փոխանցեցին Հայաստանի մանկատներին, կրթօջախներին և սահմանին վիրավորված զինվորներից մեկի բուժման նպատակով:
Մասնակիցները դիտեցին 2014թ. մրցանակաբաշխության արդյունքների, մասնակից-հաղթողների շնորհակալական խոսքի, ինչպես նաև Մրցանակաբաշխության նախորդ տարիների արդյունքների ամփոփման հանդիսությունների մասին պատմող տեսանյութեր և լուսանկարներ:
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի սաները (ղեկավար՝ Նադյա Անտոնյան) և Այրարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը /գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյան/:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ