Եզրափակելով երկօրյա աշխատանքային այցը Տավուշի մարզ` ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպեց նաև Այգեպար և Ն.Կ. Աղբյուր սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ: Ինչպես նախապես նշել էինք, նախարարն այցելել էր Չինարի, Մովսես և Վ.Կ. Աղբյուր գյուղեր, հանդիպել սահմանամերձ համայնքների բնակչության հետ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին ու հոգսերին:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այգինյանը շնորհակալություն հայտնեց նախարար Ա. Երիցյանին՝ սահմանամերձ համայնքները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Գյուղապետի խոսքով` ազգաբնակչության պաշտպանության տեսանկյունից գյուղի առաջնային խնդիրներից է բազմաբնակարան շենքերի բնակիչների համար ապաստարանների կառուցումը: «Ցանկանում եմ համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պետական միջոցներով վերանորոգվել և հակահրդեհային ներկանյութով են պատվել գյուղի մանկապարտեզի և դպրոցի տանիքները»,- նշեց գյուղապետը:
Ն.Կ. Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նախարար Ա. Երիցյանին տեղեկացրեց, որ գյուղը կարիք ունի ոռոգման ջրի համակարգի բարելավման ու գյուղտեխնիկայի խնդիր: «Չնայած սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքին՝ վերջին քսանհինգ տարվա ընթացքում գյուղից արտագաղթ գրեթե չի եղել: Թշնամու գնդակոծություններից չերկյուղելով գյուղացին տքնաջան աշխատում է, սակայն ունի ոռոգման ջրի և գյուղտեխնիկայի պակաս: Պաշտոնատար անձանց հաճախակի այցերը մեծ ոգևորություն են առաջացնում բնակչության շրջանում և բարձրացնում նրանց մարտական ոգին, քանի որ գյուղն իսկապես ունի ուշադրության կարիք: Ուստի շնորհակալ ենք, Ձեզ մեր համայնք այցելելու և բնակիչների հոգսերին անձամբ ծանոթանալու համար»- նշեց Մ. Կամենդատյանը: Գյուղապետն շեշտեց նաև համայնքի դպրոցի շուրջ պաշտպանիչ պարսպի կառուցման անհրաժեշտությունը:
Ծանոթանալով գյուղացիներին հուզող հարցերին՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նախարարությունը միջոցներ չի խնայելու բնակչության պաշտպանության ոլորտում ներդրում ունենալու հարցում: «Բարձրացված բոլոր հարցերը կուսումնասիրվեն անձամբ իմ հսկողությամբ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ սահմանամերձ գյուղերը մեր ուշադրության կենտրոնում են: Մենք հեռանկարում ունենք մի նախագիծ, որի շնորհիվ սահմանամերձ համայնքներում կստեղծվեն նոր աշխատատեղեր»- ընդգծեց նախարարը:
Կարդացեք նաև