ԴԱՀԿ Լոռու մարզային բաժինը մուտք գործելով զոհված ազատամարտիկ Դավիթ Սոկրատի Ղազարյանի Վանաձորի Ներսիսյան 5/48 բնակարան, ապօրինաբար արգելանք է դրել զոհվածի մորը` Մանյակ Ղազարյանին պատկանող գույքի վրա և սպառնում է ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը գույքը տանել աճուրդով վաճառելու:
Դավիթ Սոկրատի Ղազարյանը զոհվել է 1993թ. մարտի 28-ին` Տավուշի մարզի Չինարի գյուղի մատույցներում: Որդու հուղարկավորության նախորդ օրը վշտից ինքնասպան է եղել հայրը` Սոկրատ Ղազարյանը:
Ընտանիքն ապրում է ծանր նյութական պայմաններում` նպաստով և կենսաթոշակով: Եղբայրը` Հովհաննես Ղազարյանը, գործազուրկ է, որի պատճառով չի կարողանում մարել <<Նարիրի Ինշուրանս>> ապահովագրական ընկերությանն ունեցած 1մլն 800 հազ. դրամի պարտքը, որը գոյացել է ավտովթարի հետևանքով:
Ապահովագրական ընկերության և ԴԱՀԿ-ի անհոգի չինովնիկները զոհված ազատամարտիկի արյամբ ձեռք բերված խաղաղ պայմաններում ապօրինաբար նրա ընտանիքին զրկում են ամբողջ ունեցվածքից: Բանն այն է, որ խաբեությամբ, սպառնալիքներով ու ահաբեկելով՝ որդու պարտքի դիմաց ԴԱՀԿ-ն մտադիր է բռնագրավել և վաճառել զոհվածի մորը պատկանող գույքը:
Հայ ընտանիքի նկատմամբ այդպիսի դաժան վերաբերմունք ունեցել են օսմանյան և ցարական չինովնիկները: Իսկ հայրենական պաշտոնյաներին կվայելեր, եթե նրանք որևէ աշխատանք առաջարկեին զոհվածի եղբորը, որը կկարողանար մաս-մաս մարել գումարը, քանի որ նա պարտքը մարելուց չի հրաժարվում:
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը դատապարտում է ԴԱՀԿ Լոռու մարզային բաժնի և <<Նարիրի Ինշուրանս>> ապահովագրական ընկերության ապօրինի և անմարդկային գործողությունները և հորդորում է նրանց ձեռնպահ մնալ զոհված ազատամարտիկի ընտանիքի նկատմամբ ապօրինի գործողություններից, այլ խնդիրը կարգավորել օրինականության և մարդասիրության սկզբունքների հիման վրա:
Դիմում ենք բոլոր լրատվամիջոցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ ձայն բարձրացնելու ի պաշտպանություն զոհված ազատամարտիկի ընտանիքի:
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ