Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն BBC-ի լրագրողին «թույլ է տվել» այցելել Լեռնային Ղարաբաղ

Ապրիլ 09,2015 18:20

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը այսօր հայտարարել է, որ BBC-ն իրենց լրագրողի Լեռնային Ղարաբաղի այցելությունից առաջ նամակով դիմել էր իրենց եւ տեղեկացրել էր այդ մասին: BBC հեռուստաընկերության թղթակից Ռայհան Դեմիտրին այցելել էր Լեռնային Ղարաբաղ եւ ռեպորտաժ է պատրաստել այնտեղ ապրող մարդկանց ապրելակերպի, խնդիրների մասին:

Azernews.az կայքի փոխանցմամբ՝ Հաջիեւը ասել է, որ BBC-ին իր թղթակցի համար խնդրել է թույլ տալ իրականացնել իր մասնագիտական գործունեությունը: «Թեեւ պատրաստված ռեպորտաժի որոշ դրվագներ վիճարկելի են, մենք, հիմնելով Ադրբեջանի օրենքի եւ մամուլի ազատության սկզբունքների վրա, հարգում ենք լրագրողի մասնագիտական գործունեությունը»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Արձագանքելով Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի բաժնից Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ ԼՂՀ տարածքում իրավաբանական ուժ ունեն միայն Լեռնային Ղարաբաղի կողմից տրված հավատարմագրերը: «Եթե լրագրողները ցանկանում են ԼՂՀ-ում մասնագիտական գործունեություն ծավալել, նրանք պետք է դիմեն ԱԳՆ-ին եւ ստանան համապատասխան հավատարմագիրը: Երրորդ երկրների կողմից տրված լրագրողական հավատարմագրերը ԼՂՀ-ում հաշվի չեն առնվում»:

Հիքմեթ Հաջիեւը նաեւ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ռեպորտաժ պատրաստելու համար լրագրողի ներկայացրած դիմումը եւ դա բացատրել է վախի զգացումի առկայությամբ:

Այս պնդմանը ԼՂՀ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ BBC-ի լրագրողը դիմել է ԼՂՀ ԱԳՆ եւ խնդրել հանրապետության տարածքում մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն: «Ինչից հետո ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության կողմից լրագրողին տրամադրվել է համապատասխան հավատարմագիր՝ իրականացնելու մասնագիտական գործունեություն ԼՂՀ տարածքում։ BBC-ի կայքում ռեպորտաժի հրապարակումը, որն ընդգրկում է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարի հետ հարցազրույցից մի հատված, արդեն իսկ ապացուցում է ադրբեջանական կողմի նման հայտարարությունների անհիմն լինելը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930