Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայում մարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը

Ապրիլ 09,2015 18:01

Ապրիլի 7-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որը նախաձեռնվել էր Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի և Ուրուգվայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Հակոբ Քլենիջյանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, սպորտի և զբոսաշրջության հարցերի նախարար Լիլիամ Քեշիշյանը, Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվեյրան, Փոստային ծառայության ղեկավար Սոլանժ Մորեյրան, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դեսպաններ, գիտական և ակադեմիական լայն շրջանակների և ուրուգվայահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ելույթներով հանդես եկան Փոստային ծառայության նախագահ Սոլանժ Մորեյրան, սպորտի և զբոսաշրջության հարցերի նախարար Լիլիամ Քեշիշյանը, Ուրուգվայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Հակոբ Քլենիջյանը, ովքեր, ընդգծելով Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, բարձր գնահատեցին և շնորհակալություն հայտնեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ուրուգվայի կողմից նամականիշի թողարկումը:

Արարողության գլխավոր բանախոսը՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, վերահաստատեց Ուրուգվայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Ուրուգվայը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում: Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 50 տարի առաջ օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա մեծ քայլ էր մի պայքարում, որը շարունակվում է մինչ այսօր»:

Իր խոսքում Ռոդոլֆո Նին Նովոան բարձր գնահատեց հայ համայնքի դերն ու նշանակությունը Ուրուգվայի հասարակական – քաղաքական կյանքում:

Ուրուգվայի ԱԳ նախարարն անդրադարձավ նաև հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերություններին, իրականացված բարձր մակարդակի այցելություններին, ստորագրված համաձայնագրերին: Այս կապակցությամբ Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման մասին համաձայնագրի նշանակությունը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, առևտրային, մշակութային և քաղաքական ոլորտներում առկա ներուժն ու համագործակցության զարգացման և ամրապնդման կարևորությունը:

Ուրուգվայի ԱԳ նախարարն իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Այս նամականիշը հարուստ է իմաստով և զգացմունքներով, քանի որ այն հարգում է բոլոր զոհերի հիշատակը Ցեղասպանության դաժան հանցագործության, որից մենք խորշում և որը մենք դատապարտում ենք»:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930