Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը չի մասնակցելու Հայոց ցեղասպանության մասին ԱԺ հայտարարության քվեարկությանը

Ապրիլ 09,2015 17:35

«Չենք կարող արժեւորել Հռչակագրի դրույթները, քանի որ այն լրջորեն վտանգում է ՀՀ եւ ԼՂՀ շահերը, ըստ էության, հակապետական փաստաթուղթ է»,- ԱԺ-ում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության անունից Լեւոն Զուրաբյանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի մասին:

«Մեր կարծիքով, կոպտագույն սխալ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այն ոչ միայն չպետք է դրված լինի պետական արտաքին քաղաքականության հիմքում, այլ նույնիսկ չպետք է լինի օրակարգում: Ցանկացած ցեղասպանություն, որ ժողովրդի դեմ էլ, որ կատարվի, հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Եթե Հայաստանը Թուրքիայից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն վերածում է միայն ՀՀ-Թուրքիա միջպետական վեճի»: Իսկ նման քաղաքականություն, ըստ Զուրաբյանի, սկսեցին վարել 1998-ից:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ պատգամավորների «հայրենասիրությունը» շատ թանկ է նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա՝ վատթարացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը: Ըստ նրա, ԱԺ նման հայտարարությունը չի օգնելու ճանաչմանը, Սերժ Սարգսյանի գրած հռչակագրի շուրջ իբր միասնականության պատրանք է ստեղծում, ներքին սպառման համար է, եւ կեղծ ազգայնականների ձեռքին պոպուլիզմով են զբաղվում այն պատգամավորները, որոնք նախաձեռնել են այս հայտարարությունը, ուստի իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

Այս դիրքորոշումը զարմացրել էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:

Նրա խոսքերով՝ «Ես չէի պատրաստվում խոսել, որովհետեւ ինձ թվում էր, այս հայտարարությունը, որը ընդամենը կոչ է միջազգային հանրությանը, պետություններին ՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պիտի այսպիսի բուռն քննարկման առարկա չդառնար եւ պիտի ընդունվեր միաձայն: Երբ ասում են, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չպիտի լինի՝ սա ինձ համար բացարձակ անհասկանալի եւ անընդունելի օրակարգ է: Ինձ անհարմար է, որովհետեւ մեզ հետեւում են այլ երկրների խորհրդարաններ եւ այսօր մենք այս հարցը տանում ենք քննարկման այլ տիրույթ, տանում ենք հակադրությունների մի դաշտ, որը պատիվ չի բերում որեւէ մեկին: Այս հարթակից ոչ թե Էրդողանին պիտի նամակներ, sms-ներ գրենք, այլ միջազգային հարթության հետ պետք է ճիշտ, գրագետ աշխատենք»:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց գործընկերներին, որ այս կոչը չտեղափոխեն դեբատների դաշտ եւ խեղաթյուրեն հայտարարության տեքստը:

Հայտարարության տեքստը ի սկզբանե որոշվել էր ընդունել մինչեւ ապրիլի 24-ը, բայց արդեն չեն հասցնի եւ լավագույն դեպքում այն կընդունվի ապրիլի 27-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930