Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածային կրճատումներ` Պետական կամերային երաժշտական թատրոնում

Ապրիլ 09,2015 17:32

Պետական կամերային երաժշտական թատրոնում ղեկավարության բնորոշմամբ` ժանրային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվում: Սակայն դրանք ուղեկցվում են զանգվածային կրճատումներով: Aravot.am-ին ահազանգել են թատրոնի նախկին աշխատակիցները` պատմելով, որ այս «անառողջ մթնոլորտը» տիրում է 2014-ի հոկտեմբերի 1-ից ի վեր, երբ թատրոն վերադարձավ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը: Նա որոշել է փոխել թատրոնի դիմագիծը, ինչի արդյունքում մի շարք աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը: Օրինակ` աշխատանքից ազատվել են Սուսաննա Վաթինյանը, Նաիրա Շահվալադյանը, Անետա Հարությունյանը, Վահագ Սիմոնյանը, Մարիամ Զազյանը: Ալբերտ Վարոսյանի ու Խաչիկ Վարդանյանի հաստիքները կիսվել են, Անի Հակոբյանինը` ևս:

Aravot.am-ը Արմեն Մելիքսեթյանից հետաքրքրվեց, ո՞րն է թատրոնի աշխատակիցների հետ նման խնդիրների պատճառը, որոնք կապվում են իր անվան հետ: Նա պատասխանեց. «Ես նման բան առաջին անգամ եմ լսում, խոսեք տնօրենի հետ: Դա իմ իրավասությունից դուրս է»:

Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանից հետաքրքրվեցինք` ո՞րն է զանգվածային կրճատումների պատճառը: Նա պատճառաբանեց, թե որոշ աշխատակիցներ թոշակի անցնելու տարիքի էին, կամ ունեին առողջական խնդիրներ, մյուսները չէին համապատասխանում թատրոնի նոր դիմագծին, կամ նոր հաստիք բացելու հնարավորություն չունեին, ստիպված հաստիքները կիսել էին: Օրինակ` Ալբերտ Վարոսյանն ու Խաչիկ Վարդանյանը տարիքի պատճառով արդեն չէին կարող արդյունավետ կատարել իրենց աշխատանքը, քանի որ չի կարող բեմի բանվորը կամ մոնտաժողը, որի տեսությունն արդեն այն չէ, արդյունավետ աշխատել: Ավելին, դա նաև վտանգավոր է այդ անձի առողջության համար: Ուստի նրանք շարունակում են աշխատել, մեկ դրույքի վրա երիտասարդ կադր են ընդունել, իսկ նրանց հաստիքները պահպանվել են:

Հսկիչ Սուսաննա Վաթինյանի` աշխատանքից ազատումը Վարդան Գրիգորյանը պատճառաբանեց, թե նա չէր կարողանում աշխատել հանդիսատեսի հետ և անընդհատ ստիպված էին նրա փոխարեն ներողություն խնդրել:

Տնօրենի պարզաբանմամբ` հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Շահվալադայանը աշխատանքից ազատվել է, քանի որ թատրոնում մեկ դրույք զբաղեցնում էր համատեղության կարգով, ինչը օրենքի խախտում է, նաև նրա կատարած աշխատանքը տնօրենին չի գոհացրել:

Դերասաններ Վահագ Սիմոնյանի, Մարիամ Զազյանի, Անետա Հարությունյանի ազատումը Վարդան Գրիգորյանը պատճառաբանեց. «Վահագն ու Մարիամը ելույթավճարով աշխատողներ էին, չունեին զբաղվածություն և դրամատիկ կերտվածքով դերասաններ էին, իսկ թատրոնի դիմագծի փոփոխություն է կատարվում: Հետևաբար` նրանց մնալը թատրոնում անտրամաբանական էր: Մեծ ցավ եմ ապրում Անետա Հարությունյանի համար, քանի որ նա մեկ տարի է հիվանդ է և բեմ չի բարձրացել: Վտանգ կար, որ նրա հիվանդությունը կարող է բեմի վրա կրկնվել»:

Գրական մասի ղեկավար Անի Հակոբյանի դրույքը կիսելու մասին էլ պարոն Գրիգորյանն ասաց, թե գլխավոր ռեժիսորի`թատրոնի դիմագծի փոփոխության նախաձեռնությամբ պայմանավորված իրենց պետք էր նաև երաժշտագետ, ու քանի որ չէին կարող նոր հաստիք բացել, ուստի Անի Հակոբյանին ու երաժշտագետի պարտականությունների բաշխում են կատարել: Մեր այն դիտարկմանը` փաստորեն Արմեն Մելիքսեթյանի գործոնը կա, տնօրենն արձագանքեց. «Եթե նա գլխավոր ռեժիսորն է և կարծում է, որ երաժշտական ուղղվածության ներկայացումներ պիտի բեմադրվեն, պարզ է, որ պետք է նա դեր կատարի, որ կառուցվածքային փոփոխություններ լինեն: Որպես տնօրեն` ես դիմել եմ մասնագետի, որից հետո այնքանով, ինչքանով հնարավոր է եղել, այս հաստիքները փոփոխության են ենթարկվել: Վոկալի դասատու է մեզ պետք, պարային ռեժիսոր, որի հնարավորությունը ցավոք չունենք: Բայց ապրիլի 1-ից 10 հոգու կեսական դրույքով աշխատանքի ենք ընդունել»:

Մեր դիտակմանը, թե այս թատրոնում եղել են աղմկահարույց հակասություններ տնօրեն-գլխավոր ռեժիսոր հարաբերություններում ու սովորաբար տնօրենն է հեռացել, ուստի նման մտավախություն չունի՞, Վարդան Գրիգորյանը պատասխանեց. «Ես որևէ մտավախություն չունեմ: Չէի ասի, թե պարոն Մելիքսեթյանի հետ շատ հեշտ է աշխատելը, որպես ստեղծագործող` բավականին բարդ մարդ է: Բայց ստեղծագործողը ազատ է մտածելու, առաջարկելու, պահանջելու, տնօրենն է պարտավոր վարչականորեն և իրավաբանորեն ճիշտ ղեկավարել»:

Մեր զրույցի ավարտին տնօրենը զգուշացրեց, որ դեռ ցավոտ փոփոխություններ լինելու են, որոնք իր բնորոշմամբ կատարվում են ի նպաստ թատրոնի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930