Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ապրիլի 21-ին թանգարանը հանդես կգա յուրատեսակ նախաձեռնությամբ՝ 100 տարի անց Ալեքսանդր Սպենդիարյանի «Առ Հայաստան» եւ «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները կհնչեն կոմպոզիտորի տուն-թանգարանի պուրակում, նաեւ կհանրայնացվեն այդ երկու ստեղծագործությունների ձեռագիր եւ տպագիր նոտաները՝ բացօթյա ցուցադրությամբ:
Տուն-թանգարանի տնօրենի խոսքով, իրենք ուզում են փոխանցել այն հույզերն ու ցասումը, որ ունեցել է Սպենդիարյանը՝ «Առ Հայաստան» և «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» գրելիս՝ ազդված Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունից:
«Արեւմտահայության 20-րդ դարասկզբի կոտորածները իրենց արձագանքն են գտել Սպենդիարյանի «Առ Հայաստան» և «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններում: Հարյուր տարի անց կոմպոզիտորի այս երկու ստեղծագործությունները իրենց բողոքի, ազատության կանչով, որպես արձագանք ժամանակի կատարված ոճրագործության դեմ, ազգի հարատեւման տենչով կհնչեն կոմպոզիտորի հայրենիքում:
Կարդացեք նաև
Ներկայումս այդ ստեղծագործությունները փոխադրվել են սիմֆոնիկ ավելի փոքր կազմի համար, եւ երկու օպերային մենակատարներ, մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի ու տենոր Տիգրան Օհանյանի կատարմամբ դրանք կհնչեցնենք բացօթյա՝ հրավիրելով Երեւանի արվեստասեր հասարակությանը»,-նշեց Մարինե Օթարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ