«Իմ գործընկերներին, որոնք ԱԺ-ում ներկայացնում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, պետք է ասեմ, որ եթե խոսում ենք ՀՀ արտաքին քաղաքականության ձախողման մասին, ապա պետք է անդրադարձ կատարենք 1995-96-ին: Ձախողումները սկսեցին հենց այդ օրվանից, երբ սկսեցին կեղծել ընտրությունները, եւ կեղծիքի հետեւանքով ԱԺ-ում հայտնվեցին մարդիկ, ովքեր չպետք է լինեին, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է դառնար ՀՀ նախագահ»,- ԱԺ-ում այսպես «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց Հրանտ Բագրատյանի քննադատություններին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի մասին:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, հենց 96-ից սկսեց կռանալ եւ կոտրվել հայ ժողովրդի ողնաշարը. «Համահայկական հռչակագիրը ներառում է համայն հայության միասնական կարծիքը եւ շատ կարեւոր է: 95-ին, երբ ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ցանկանում, որ մենք ունենայինք երկքաղաքացիություն եւ համայն հայությունը, դառնալով քաղաքացի, մասնակցեր ՀՀ կառավարմանը եւ ներկայացված լիներ կառավարման մարմիններում: Ինչո՞ւ եք դեմ այսպիսի հայտարարությանը: Այո, մենք արժեւորում ենք համահայկական Հռչակագիրը»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, ցեղասպանությունը հանցագործություն է, քրեորեն հետապնդելի արարք, հետեւաբար տուժողներն իրավունք ունեն պահանջել նյութական, բարոյական վնասի փոխհատուցում:
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ այս օրերին ամբողջ սոցցանցերը եւ մամուլը ողողած իրադարձությանը՝ Քիմ Քարդաշյանի այցելությանը Երեւան. «Ես ողջունում եմ տիկին Քիմ Քարդաշյանի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում: Միայն իր կողմից այսպիսի ներկայությունն արդեն իսկ երեկ ամբողջ միջազգային մամուլը լցրեց այնպիսի հայտարարություններով, որ կա Հայաստանի Հանրապետություն, որտեղ նա այցելել է եւ տեղի է ունեցել ցեղասպանություն, որը դատապարտում է»:
Հերմինե Նաղդալյանը կատակեց. «Բոլոր միացողներին խնդրում եմ բարձրաձայնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ