«Ցեղասպանությունները, անկախ նրանից, թե դրանք որտեղ են եղել, ում նկատմամբ են եղել եւ որտեղ՝ պետք է դատապարտվեն»,- այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ասաց, որ 100-րդ տարելիցով մեր պայքարը չի ավարտվում. «Պատահական չէ, որ հայտարարության մեջ հստակ ամրագրված է ժխտողականությունը քրեականացնող դրույթը: Արդեն 4 երկիր քրեականացրել են ժխտողականությունը, Կիպրոսի խորհրդարանը դա արեց միաձայն: Եթե հայոց պետականության արտաքին քաղաքականության մեջ չլիներ ցեղասպանության ճանաչման դրույթը, եթե մեր երկրի առաջնորդը, մենք տարբեր ամբիոններից դրա մասին չխոսեինք, այսօր կլինե՞ր այդ ժխտողականության բանաձեւը: Չէր լինի»:
Ըստ Էդուարդ Շարմազանովի, մենք պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերենք եւ ցույց տանք, որ ժխտողականությունը նույնքան վտանգավոր է, հանցավոր, որքան ցեղասպանություն իրականացնելը. «21-րդ դարում ժխտողականությունը պետք է քրեականորեն պատժվի: Այսօր այս դահլիճում եւ դահլիճից դուրս կան հռետորներ, որոնք բաներ են ասում, որ ինձ համար ընդունելի չեն: Մարդիկ ասում են պահանջատիրությունը, ցեղասպանության դատապարտումը պետք է լինի սփյուռքի մենաշնորհը, թող սփյուռքի ներկայացուցչները իրենց պառլամենտի հետ քննարկեն՝ ընդունո՞ւմ են ցեղասպանությունը, թե՞ չէ: Դա աբսուրդ է: Ինչ է թե չվտանգենք Թուրքիայի հետ հարաբերությունները: Էդ Թուրքիան ե՞րբ է ճանաչել ցեղասպանությունը, որ: Մենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների գնացինք հարաբերությունների կարգավորման՝ ունենալով բարոյական նախապայմաններ դնելու իրավունք: Մենք գնացինք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման: Ի՞նչ ստացանք դրա փոխարեն: Ստացանք ժխտողականության նոր թափ, ստացանք ագրեսիվ հայտարարությունների մի շարան եւ ստացանք Գալիպոլիի այսպես ասած տոնակատարություն»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԱԺ հայտարարությունը, որը պատրաստել են Զարուհի Փոստանջյանը եւ մյուս գործընկերները, պետք է ընդունվի միաձայն:
Կարդացեք նաև
Միաձայն քվեարկելու կոչ արեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ կասկածելով միայն Հրանտ Բագրատյանի քվեարկության վրա, որը մինչ այդ բացասական կարծիք էր հայտնել հայտարարության նախագծի մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ