Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 56 աշակերտները պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով։
Երևանի քաղաքապետարանի սահմանած դիպլոմներն ու պարգևներն աշակերտներին է հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Շնորհավորում եմ դիպլոմների արժանացած բոլոր աշակերտներին ու դպրոցներին, որ առաջատարի դիրքերում են, և շնորհակալություն եմ հայտնում այսպիսի աշակերտներ կրթած մանկավարժներին։ Սիրելի՛ աշակերտներ, ձեր պատասխանատվության շնորհիվ է, որ այսօր ունենք այսօրինակ ուսումնասեր, կիրթ, բանիմաց սերունդ, որով կարող ենք հպարտանալ»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Դպրոցականների համապետական օլիմպիադայում ընդգրկված է 16 առարկա։ Դպրոցականների 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել են Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-12-րդ դասարանների 1935 աշակերտ։ Քաղաքային փուլի արդյունքների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի դիպլոմների է արժանացել 334 աշակերտ, ընդ որում 56 աշակերտ՝ առաջին կարգի, 112-ը՝ երկրորդ կարգի և 166-ը երրորդ կարգի դիպլոմների։
Դպրոցականների առարկայական օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՆ սահմանած կարգի համաձայն։ Օլիմպիադաների քաղաքային փուլին մասնակցել և քաղաքապետարանի դիպլոմներով են պարգևատրվել նաև Ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանների, Շիրակացի ճեմարանի, ԱՅԲ կրթահամալիրի աշակերտները։