«Թեթեւ տարեք, սրանով որեւէ պահանջատիրական բան չենք ստեղծում»,- Ալեքսանդր Արզումանյանն այսպիսի խորհուրդ տվեց Հրանտ Բագրատյանին, որը մի շարք մտահոգություններ էր հայտնել Զարուհի Փոստանջյանի, Արտակ Զաքարյանի եւ մի շարք այլ պատգամավորների՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստած ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:
Ալեքսանդր Արզումանյանը պատմեց, թե հանձնաժողովում ինչ թեժ քննարկում եւ հակասական կարծիքներ են եղել այդ նախագծի քննարկման ժամանակ. «Բայց քանի որ սա այն հարցն է, որ դժվար է դեմ քվեարկել` մենք համաձայնեցինք տիկին Փոստանջյանի նախագծի հետ եւ չեզոք բառը գտանք, որ ոչ թե հիմք ենք ընդունում հռչակագիրը, այլ ընդամենը արժեւորում ենք»:
Որպես օրինակ, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ մենք օրինակ, Տիգրան Մեծի պողոտա ունենք, դրանով արժեւորում ենք նրան: Այս դեպքում էլ պարզապես արժեւորում ենք հռչակագիրը. «Իսկապես կիսում եմ այն մտահոգությունը, որ դիվանագետների համար սրանով պրոբլեմ ենք ստեղծում, բայց, այնուամենայնիվ, նորմալ տեքստ է, արժի շուտ ընդունել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ