Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը
Տիգրան Լիլոյան. Ինչպե՞ս կգնահատեք ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում։
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Մեր ժողովուրդներին միավորում են բազմաթիվ ամուր կապեր՝ կազմելով այն հզոր հիմքը, որի վրա մենք այսօր ոչ թե սոսկ կառուցում ենք, այլ նոր քարեր ենք ավելացնում մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամուր կառույցին։ Մեր հարաբերությունների ծավալը, ընդգրկումը և բովանդակությունն ինքնին խոսուն են։ Մեր պետությունների ղեկավարների միջև երկխոսությունը ակտիվ, ինտենսիվ բնույթ է կրում։
Ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր գործոն է հանդիսանում։
Կարդացեք նաև
Մեր երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. ստորագրված են շուրջ 250 համաձայնագրեր, պայմանագրեր։ Մենք պատրաստում ենք նորերը, աշխատում ենք հները թարմացնելու վրա։
Այսօր Ռուսաստանը Հայաստանի առաջին տնտեսական և առևտրային գործընկերն է, ինչպես նաև՝ հայկական արտադրանքի իրացման գլխավոր շուկան։ Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2014թ. գերազանցել է 1,4 մլրդ դոլարը։ Ռուսաստանը նաև առաջին ներդրողն է Հայաստանում։ Ռուսական կապիտալ ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ հասնում է 4 մլրդ դոլարի։ Հայաստանում գործում են շուրջ 1400 հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է մինչև 2020թ. տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր։ Նման ծրագիր միայն Ռուսաստանի հետ ունենք։ Դրա գոյությունն արդեն իսկ վկայում է մեր տնտեսական հարաբերությունների բացառիկ բնույթի մասին՝ միտված դեպի ապագան։
Մեր միջև հաջողությամբ զարգանում է համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տրանսպորտը, կապը, էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան, հանքարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, բանկային ոլորտը, գյուղատնտեսությունը, և շատ այլ ուղղություններում։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում տնտեսական, առևտրային հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման համար։
Հաջողությամբ գործում են տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովները, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը։
Մենք կարևորում ենք համագործակցությունը հումանիտար բնագավառում, այդ թվում՝ փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ մշակույթը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը: Հաջողությամբ զարգանում է Ռուսաստանի 70 շրջանների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը։
Տիգրան Լիլոյան. Որքանո՞վ է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունը լրացնում ռուս-հայկական դաշնակցային գործակցությունը։
Էդվարդ Նալբանդյան. Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Արտաքին քաղաքական գործունեության համադրումը իրականացվում է կողմերի միջև ստորագրված համաձայնության հիման վրա։ Համապատասխան մեկամյա և երկամյա ծրագրերը համաձայնեցվում են արտգործնախարարությունների միջև: Տարեկան անցկացվում է մոտ տասը խորհրդակցություն՝ միջազգային և տարածաշրջանային հարցերի ամենալայն շրջանակի շուրջ։ Մեր դիվանագետները անմիջականորեն համագործակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Տիգրան Լիլոյան. Կա՞ն ռուս-հայկական հարաբերություններում տարաձայնություններ, չլուծված խնդիրներ։
Էդվարդ Նալբանդյան. Հաշվի առնելով հարաբերությունների հսկայական ծավալը՝ հարցեր, իհարկե, կարող են լինել։ Բայց դրանք լուծվում են այնպես, ինչպես պետք է լուծվեն դաշնակիցների միջև։
Տիգրան Լիլոյան. Ինչպե՞ս եք Դուք գնահատում Ռուսաստանի դերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Էդվարդ Նալբանդյան. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Պետք է նշել, որ հենց շնորհիվ Ռուսաստանի ջանքերի, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի տքնաջան աշխատանքի՝ 21 տարի առաջ հաջողվեց հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը։ Չնայած ադրբեջանական կողմի բոլոր փորձերին՝ ձախողելու այն, 1994թ. մայիսի 12-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնությունը կողմերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, հնարավորություն տվեց թևակոխել հիմնահարցի քաղաքական կարգավորման փուլ։ Համանախագահները՝ Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ, նախաձեռնեցին հարյուրավոր հանդիպումներ՝ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով։ Բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև եռակողմ՝ ռուս-հայ-ադրբեջանական ձևաչափով։
Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, շատ են քննադատության ենթարկվում՝ մենք նրանց երբեք անտեղի չենք քննադատում, որովհետև եթե հրավիրել ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներին միջնորդելու, ապա պետք է գնահատենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում նրանց ներդրած ջանքերը։ Այստեղ միջնորդների մեղավորությունը չկա, իսկ հարցը կայանում է նրանում, թե ինչպես են կողմերն իրենք վերաբերվում կարգավորման այն առաջարկներին, որոնք նրանց ներկայացնում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը սկզբունքորեն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գրեթե բոլոր առաջարկները ինչպես հիմնահարցի լուծման, այնպես էլ՝ վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ։ Ընդ որում, դիմելով շանտաժի և սպառնալով ուժ կիրառել՝ Բաքուն երբեմն խոսքից անցնում է գործի։ Սա անհեռանկար քաղաքականություն է։
Ս.թ. հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հատուկ հայտարարության մեջ մտահոգություն հայտնեցին բանակցային գործընթացի և Մինսկի խմբի համանախագահների դերի վերաբերյալ Բաքվի կողմից հնչող քննադատության կապակցությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները։
Հայաստանը՝ համանախագահների հետ համատեղ, կշարունակի ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։