Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Տենց չի լինում, որ լուրջ քաղաքական ուժը դնի հա՛մ թուրքերին քրֆի, հա՛մ ռուսներին»

Ապրիլ 09,2015 15:45

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Զարուհի Փոստանջյանի, Արտակ Զաքարյանի եւ մի շարք այլ պատգամավորների պատրաստած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց. «Ինչի՞ ենք վկայակոչում փաստաթղթեր, որտեղ նշել ենք, որ հողերն էլ պետք է պահանջենք: Ուզում ենք ճանաչեն, ասենք՝ ճանաչեք: Երբ վկայակոչում են փաստաթուղթ, որտեղ կա այդ մոմենտը՝ էլ հող, էլ փոխհատուցում, այդ հարցը հաճախ ջրվում է: Երբ կա լուրջ շանսեր տասնյակ երկրներին ճանաչել տալու ցեղասպանությունը, բերում եք այս տեսքով…»:

Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, որը հարակից զեկուցողն էր, պատասխանեց, որ նման պահանջատիրական դրույթներ չկան, հղում չի արված որեւէ նման փաստաթղթի. «Մենք կոչ ենք անում ճանաչել եւ դատապարտել, սա է բուն կոչը, որը պետք է ուղարկվի գործընկեր խորհրդարաններին: Ձեր մտահոգությունը այս փաստաթղթում ոչ թե գոյություն չունի, այլ իրավական կարգով չի կարելի կապել նման փաստաթղթերին»:

Ավելի ուշ իր ելույթում Հրանտ Բագրատյանն ասաց, որ պետք է նախ հստակեցնել ի՞նչ ենք ուզում այս հայտարարությամբ՝ ուզում ենք ճանաչեն, ճանաչելու մասին գրենք, ուզում ենք փոխհատուցում, գրենք փոխհատուցում, հող ենք ուզում՝ դա այլ հարց է. «Ես երբ ասեցի, որ հռչակագրում նման դրույթներ կան, պարոն Շարմազանովն ասաց, որ պետք չի աղավաղել հռչակագիրը: Ինձ մեկ-մեկ թվում է, որ դուք կոնտակտ արդեն կորցրել եք շփվելու, քննարկելու այս հարցը, այդ թվում երկրի ղեկավարի հետ: Ամեն անգամ, երբ որեւէ պետություն ճանաչում է մեր Ցեղասպանությունը, մենք քայլ ենք անում անվտանգության ուղղությամբ, Ղարաբաղի ուղղությամբ: Հնարավոր չի մարդը լրջորեն իրեն անվանի քաղաքական ուժ, բայց դնի համ թուրքերին քրֆի, համ, ասենք, ռուսներին: Տենց չի լինում: Երբ որ դուք ցեղասպանություն եք ճանաչում՝ դա ուրիշ հարց է, պարտավոր են: Բայց երբ որ դուք, ոնց որ այս հայտարարության մեջ է, որտեղ հղում կա հռչակագրին, որտեղ հստակ կա պահանջատիրության հարցը, հողերի հարցը՝ դա ուրիշ բան է: Մենք այս մի քանի ամիսը վերածել ենք թուրքերին հայհոյելու մի տեսարանի ամբողջ հեռուստատեսությամբ: Այդպես չի, մենք թուրքերին չենք հայհոյում: Սա ասում է մի մարդ, որ տեսել է պատերազմի բոլոր խորությունը, ձեզ հավասար գիտի, թե ինչ բան է թուրքը: Եվ հիմա ուզում եմ հասկանալ, մենք ի՞նչ ենք ուզում՝ արդյո՞ւնք, թե՞ հոխորտանք: Հոխորտանք ենք ուզում՝ խնդրեմ, ոչ մի քայլ մենք չենք գնում: Արդյունք ենք ուզում: Ուզում ենք ցեղասպանությունը ճանաչեն, դիմեք այդ խնդրով, ինչի՞ եք ավել-պակաս խնդրում»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, երբ մենք պահանջատիրության ակնարկ ենք անում, դառնում են այն երկրների հակառակորդը, որոնք պիտի ճանաչեին ցեղասպանությունը, որովհետեւ սկսում են քաղաքական շահերը. «Նստեք քննարկեք: Առաջին նախագահը ընդհանրապես ուրիշ մոտեցում ունի: Ես գտնում եմ, որ պետք է պետական խնդիր լինի ցեղասպանության ճանաչումը, առաջին նախագահն ասում է՝ դա էլ մի արեք, ինչի՞ համար: Ինչ-որ փորձ ունի մարդը»:

Հրանտ Բագրատյանը բարկացել էր, երբ տեսել էր, թե ինչպես է հեռուստատեսությամբ մի սփյուռքահայ գործիչ ասում, թե ցեղասպանության ճանաչումը առաջին քայլն է, որին պետք է հետեւի հողերի վերադարձի պահանջը. «Լսեք, գայիք կռվեիք, խի այդպես հե՞շտ է որեւէ բան պահանջելը: Ես Ղարաբաղի հաջողությունների դարդուցավը լավ գիտեմ, գիտեմ դրա դժվարությունը: Կանգնելով եւ մեծ-մեծ խոսելով չի: Ես կարծում եմ, որ սա անընդունելի է, ստրատեգիական սխալ է»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, չի կարող դիվանագիտական հաջողություն լինել, երբ ուզում ենք ամեն ինչ:

Նա ասաց, որ սկզբում նեղսրտել է, որ իր ազգանունը չի դրվել նախագծի հեղինակների կողքին, նույնիսկ այդ մասին ասել է Զարուհի Փոստանջյանին, բայց հետո զղջացել է. «Չեմ ուզում իմ ազգանունը լինի, որովհետեւ սխալ է: ՀԿ-ները թող խոսեն հողից, փոխհատուցումից: 50 տարի հետո, երբ միջուկային զենք կունենաք՝ հողն էլ կուզեք, եթե կարաք: Եթե ուզում եք մի բան, պիտի իմանաք, որ գործողություն է հետեւելու, ամեն ակցիային ռեակցիա է հետեւելու: Եթե մենք անընդհատ հիշենք այստեղ 15 թիվը, չենք օգնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930