Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի դիտողությունը՝ Փոստանջյանին. «Պետական կառույցները չեն ընդունում նման փաստաթղթեր»

Ապրիլ 09,2015 14:56

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Զարուհի Փոստանջյանի, Արտակ Զաքարյանի եւ մի շարք այլ պատգամավորների պատրաստած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը պատմեց, որ ի սկզբանե ինքն ուզում էր Ցեղասպանության հռչակագրի դրույթներն ընդունվեին, բայց քանի որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում կային տարբեր դիրքորոշումներ եւ տարբեր տրամադրություններ, միաձայն որոշեցին ընդունել այնպիսի հայտարարություն, որտեղ միայն անդրադարձ կատարվի, որ արժեւորվում է Համահայկական հռչակագիրը:

Հայտարարության նախագծում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը

– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

– արժեւորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները,

– կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ունեցած ներդրումը,

– երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.

Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:

Խոսրով Հարությունյանն առաջարկեց, որ հայտարարության տեքստում երախտագիտություն հայտնեն բոլոր պետությունների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ոչ պետական կառույցներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայնեց. «Պետական կառույցները չեն ընդունում նման փաստաթղթեր»:

Զարուհի Փոստանջյանն էլ համաձայնեց հանել դա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930