Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպանը` դաշնակցական երիտասարդների նամակ-պահանջագիրն արհամարհելու մասին (Տեսանյութ) 

Ապրիլ 09,2015 14:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ՝ Չարենց փողոցի վրա անցկացնում են երիտասարդական-ուսանողական ցույց։ Երիտասարդները ցանկանում էին դեսպանին հանձնել այն նամակ պահանջագիրը, որը հանձնում են աշխարհի տարբեր երկրների բոլոր դեսպանատներին: Սակայն դեսպանը չցանկացավ դուրս գալ ու վերցնել պահանջագիրը, անգամ հաղորդակցության գծով պատասխանատուն ներքև չիջավ: Դեսպանատան անվտանգության աշխատակիցն ասաց, որ ինքը կարող է նամակը փոխանցել դեսպանին: Այս ամենից վրդովված` դաշնակցական երիտասարդները հեռացան «ամոթ, ամոթ» վանկարկելով: Դեռ նոր էին երիտասարդները հեռացել, դեսպանատնից դուրս եկավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:

Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչու՞ չցանկացավ դուրս գալ և ստանալ երիտասարդների , պնամակ-պահանջագիրը: Դեսպանը պատասխանեց. «Ես սովորություն չունեմ զրուցելու ցուցարարների հետ: Ես կարող եմ զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ընդհանրապես բոլորի հետ, բայց ոչ փողոցում: Եթե ինձ ուղերձ ունեին հանձնելու, նրանք կարող էին դա ուղարկել: Հայաստանն ազատ երկիր է, մենք չենք բռնանում, չենք խոչընդոտում, բայց ինչպես բոլոր մարդիկ, իրենք էլ պետք է այստեղ թողնեին նամակը և ես այն նամակը հետո կկարդայի»:

Մեր այն դիտարկմանը` մի՞թե հնարավոր չէր, որ նամակ պահանջագիրը դուրս գար վերցնելու դեսպանատան հաղորդակցության գծով պատասխանատուն, պարոն դեսպանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ես պետք է ուղարկեի, մենք հարյուրավոր նամակներ ենք ստանում ամեն օր: Դա ընթացակարգ է, իսկ ինչո՞ւ պիտի ես դա անեի»:

Մեր այն դիտարկմանը, թե երիտասարդները հիասթափված էին, Ռայներ Մորելը պատասխանեց. «Նրանք ինչո՞ւ պիտի հիասթափված լինեին, իրենք ունեցան ցույցի իրավունք, բայց ես պարտավոր չէի իջնել և զրուցել նրանց հետ: Ես այն պաշտոնը չեմ զբաղեցնում, որ ինչ-որ մեկի ցուցումներին հետևեմ: Այ, օրինակ, ոստիկանության ցուցումներին ես կհետևեմ»:

Մեր մյուս դիտարկմանը`ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ խոր վիշտ է Հայոց ցեղասպանությունը, մի՞թե հնարավոր չէր այդ հանգամանքը հաշվի առնելով անել բացառություն, դեսպանն արձագանքեց. «Գուցե, բայց նրանք նախ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեին: Ինչևէ, ես պարտավոր չէի իջնել ու նրանց տեսնել: Նրանց ազատություն տրվեց ցույց անելու, իրենց կարծիքը բարձրաձայնելու համար»

: Դառնալով Հայոց ցեղասպանությանը` Գերմանիայի դեսպանն ասաց. «Դա լուրջ հարց է, դա այն հարցը չէ, որ մենք պետք է փողոցում քննարկենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում `Ի նշան բողոքի` դաշնակցական երիտասարդները մեջքով շրջվեցին դեպի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930