Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովի տանը` 100 տարի անց

Ապրիլ 09,2015 14:16

Ապրիլի 9–ին Մոսկվայի «Արծաթե դարի» թանգարանում (Վ. Բրյուսովի տուն) տեղի կունենա հայ և ռուս հումանիտար և հասարակական մտքի ներկայացուցիչների հանդիպումը` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով: Երեկոն համատեղ կազմակերպում են Գրականության պետական թանգարանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես կգան Գրականության պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Շապոշնիկովը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի համակարգող Յուրի Նավոյանը, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը, գրականագետներ Էլեոնորա Դանիելյանը և Արմեն Գևորգյանը:

Ելույթները նվիրված են լինելու ռուս մտավորականության, հումանիտար մտքի ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության ընկալմանը, ինչպես նաև ռուս գրողների գեղարվեստական ստեղծագործություններում դրա արտացոլմանը:  Երեկոն կավարտվի գեղարվեստական մասով, ուր կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Դավիթ Մնացականյանի ստեղծագործությունները միջազգային մրցույթների դափնեկիրներ Անդրեյ Բարանենկոյի և Նիկիտա Մնդոյանցի կատարմամբ:

Հանդիպման վայրը պատահական չէ ընտրված: 1915 թ. հենց այստեղ են ռուսական սիմվոլիզմի առաջնորդ, բանաստեղծ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի մոտ  եկել Մոսկվայի հայ մտավորականության կոմիտեի ներկայացուցիչներ Վահան Տերյանը և Ալեքսանդր Ծատուրյանը, առաջարկելով ռուսերեն լեզվով ստեղծել հայկական պոեզիայի ընդարձակ ժողովածու, որպեսզի ռուսաստանյան հասարակայնության ուշադրությունը հրավիրեն հայոց ճակատագրի, նրա մշակութային և հոգևոր արժեքների ոչնչացման վրա: 1916 թ. Մոսկվայում վալերի Բրյուսովի խմբագրությամբ լույս տեսավ «Հայաստանի պոեզիան» ժողովածուն: Նա հրապարակեց նաև «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի ժամանակագրությունը» ընդարձակ աշխատությունը, մի շարք հոդվածներ հայ մշակույթի գործիչների մասին: Այն մռայլ օրերին Վ. Բրյուսովի աշխատությունների լույս տեսնելը հայ ժողովրդի գազանաբար ոչնչացման դեմ հզոր բողոք հանդիսացավ, հնչեց իբրև հայ ժողովրդին օգնության կոչ` ուղղված համայն մարդկությանը:

Հայ և ռուս հասարակական և հումանիտար մտքի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը տեղի է ունենում արդեն հայոց պետականության առկայության պայմաններում, ինչը թույլ է տալիս խոսելու ցեղասպանության հանցագործության դեպ պայքարի ուժեղացման մասին` պետական և միջազգային մակարդակներով:

 

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930