Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաշատ աթար վառող երկիրն ենք». Արամ Մանուկյան

Ապրիլ 09,2015 13:06

ԱԺ-ում այսօր շարունակվում է գազի հանձնաժողովի եզրակացության քննարկումը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արամ Մանուկյանն ասաց. «Ամենաշատ գազաֆիկացված երկիրն ենք, բայց ամենաշատ աթար վառող երկիրն ենք: Սովետի ժամանակներն անցել են վաղուց»:

Նա վստահեցրեց՝ ներկայումս գործող գազի սակագինը հնարավոր է իջեցնել առնվազն 30 դոլարով:

Արամ Մանուկյանի հաշվարկներով՝ «Ծախսերի մեջ պահպանման ծախսերը կազմում են ամենամեծ քանակը: Դրանց հիման վրա է, որ կարող ենք շատ իջեցնել գազի գինը: 2006-ին գազը եկել է Հայաստան 53 դոլարով, մարժան կազմել է ընդամենը 47 դոլար: Այսինքն, սահմանից մինչեւ քաղաքացի է հասել, վաճառվել է 100 դոլարով: 8-9 տարվա ընթացքում գինը սահմանից մինչեւ քաղաքացի 4 անգամ ավելացել է: Սա մենեջմենթի նպատակային վատ իրականացման արդյունք է: Միայն այս մասով կարելի էր գազի սակագինը 30 դոլարով իջեցնել: 5 դոլար էլ կարելի է իջեցնել մաշվածության, 5 դոլար էլ՝ շահույթի մասով: Եթե 2.5 մլրդ դոլար իջեցնենք շահույթի բաժնից, 5 դոլարով կիջնի գազի սակագինը»:

Արամ Մանուկյանն ասաց, որ 630 հազար բաժանորդից 1890-ը 10 հազար խմ եւ ավելի գազ սպառողներն են: Քաղաքացիները վճարում են 117 դոլար ավելի շատ, քան արդյունաբերական սպառողները: Սպառողների այս տարբերակումը ամենեւին հիմնավորված չէ. «Կա 752 իրավաբանական անձ ՀՀ-ում գազ վառող, որոնք վառում են մինչեւ 10 հազար 500 խմ գազ: Այս դեպքում միանգամից նրա ամսավճարը 1200 դոլարով իջնում է: Եթե ինքը 10 հազար խմ-ից 1 խմ ներքեւ է վառում, պետք է մուծի 394 դոլարով, հենց մի խմ ավելի է վառում, 117 դոլարով ցածր է վճարում: Այդ կազմակերպությունները առեւտրային հարաբերությունների մեջ են մտնում Գազպրոմ Արմենիայի հետ: Սա պետք է կանոնակարգվի: Պետք է հանվեն բոլոր ՍՊԸ-ները, մարզպետարանի բաժանորդները, բոլորը, որոնք շահագրգռված չեն տնտեսել գազի սպառումը, որովհետեւ եթե 9000 խմ գազ են վառում, կմսխեն, կվատնեն, որ 10 հազարն անցնի, որ քիչ վճարեն»:

Ինչ վերաբերում է սպառողների տարբերակմամբ սակագին հաստատելուն, Արամ Մանուկյանն ասաց. «Երկրներ կան, որ արդյունաբերական սակագինն ավելի բարձր է, քան քաղաքացունը, օրինակ՝ Բելառուսը: Ինչո՞ւ է Հայաստանում հակառակը»:

Նա անդրադարձավ նաեւ, իր խոսքերով, գազամատակարարման մեկ այլ աճպարարության. «Մեծագույն աճպարարություն են անում: 10 հազար իրավաբանական անձ ունենք գազ օգտագործող, դրանք դպրոցներն են, կուսակցությունները, ՀԿ-ները, մարզպետարանները եւ այլն: Նրանց գազի սպառման համար լրացուցիչ ճնշման գործակից է մտցված: Օրինակ, 1-1.5 գործակից է ավելանում: Առանց հաշվարկի, առանց պայմանագրի, մենք մուծում ենք այնքան, որքան տեսուչը որոշում է: Ստացվում է, որ դու մուծում ես քո վառածից 50 տոկոս ավելի: Որ իրավաբանական անձը դիմի դատարան՝ հաղթելու է, որովհետեւ պայմանագիր չկա»:

Հետո նա եզրակացրեց ամենահամեստ հաշվարկներով, գազի սակագինը 30 դոլարով կարելի է իջեցնել, մի քիչ գոտիները սեղմելու դեպքում՝ մինչեւ 25-30 տոկոսով:

Ըստ ՀԱԿ պատգամավորի, այս կառավարությունը չի կարող ջրի երես հանել Տիգրան Սարգսյանի կառավարության «մութ գործերը». «Հովիկ Աբրահամյանի առաջ տաբու են դրել՝ Տիգրան Սարգսյանին չպետք է կպնես, հներին չպետք է կպնես: ՀՀԿ-ն իրավունք չունի հինը քչփորելու եւ գազի գործով մեղավորներին պատժելու: Երբ ՕԵԿ-ը դարձավ ընդդիմադիր, ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ 2 անդամով ավելացներ իր անդամների թիվը, որ հանկարծ քվեարկություն չլինի, տապալեն: Քվեարկություն այդպես էլ չի եղել: Ոչ մեկը այս հանձնաժողովում զեկույցին կողմ չի: Լուրջ աշխատանք է արվել հանձնաժողովում, բայց այն չի, ինչ մենք ուզում էինք: Մեր խնդիրն էր հանձնաժողովը գար եզրակացության, որ ծախսերը հնարավոր է իջեցնել, գոնե հռչակագրային ասվեր: Սա էր մեր խնդիրը»:

Արամ Մանուկյանը դժգոհեց, որ հանձնաժողովում չկարողացան կանչել ոչ մի նախարարի, անգամ հիմնական մեղավորին՝ Արմեն Մովսիսյանին չկարողացան կանչել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930