«Մեր երկրում շատ լավ կլիներ, որ ՀայՌուսգազարդի պես ընկերություններ շատ ունենայինք, նրա մենեջմենթի պես մենեջմենթ ունեցող ընկերություններ շատ ունենայինք»,- այսօր ԱԺ-ում գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնելիս այսպիսի հայտարարություն արեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Սա այն դեպքում, երբ երեկ ողջ քննարկման ժամանակ ընդդիմադիրներն աղաղակող փաստեր էին ներկայացնում, թե ինչքան սխալ մենեջմենթ է կիրառում ՀայՌուսգազարդը մեր սպառողների նկատմամբ եւ պարզապես սնանկացնում սպառողներին:
Արծվիկ Մինասյանը խորհուրդ տվեց պատգամավորներին, որ քննադատելիս չանձնավորեն. «Եթե այս փաստաթուղթը մնաց այսպես քննարկման արդյունքներով եւ զարգացում չունեցավ, վաղը նորից հավաքվելու ենք, պատի տակի խոսակցությունները նորից բերելու ենք պառլամենտ, թյուրիմացության մեջ ենք գցելու սպառողներին, համակարգն էլ չի զարգանալու, անվստահությունն է խորանալու: Կարեւոր է, որ այս փաստաթուղթը հիմքում ունենալով՝ առաջ գնանք»:
ՀՅԴ-ն առաջարկում է, որ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ենթարկվի մոնիտորինգի: Այդ հնարավորությունը տալիս է Կանոնակարգ օրենքը. «Տնտեսական հարցերի հանձնաժողովին առաջարկում ենք վերապահել իրավունք, որ այս փաստաթուղթը քննարկման առարկա դարձնի կառավարության, գազամատակարարման հարցերով զբաղվող կազմակերպությունների, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ: Պարտավոր ենք ստեղծել պատշաճ մեխանիզմներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ