Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյան. «Կոչ եմ անում ռեժիմին խելքի գալ»

Ապրիլ 09,2015 12:15

«Մեր իրավապահ մարմինները պետք է վաղուց հասկանային, որ ռեժիմին ծառայող, ստրկամիտ իրավապահները վաղ, թե ուշ պատասխան են տալու»,- ապրիլի 8-ին Հիմնադիր խորհրդարանի՝ Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքի ընթացքում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Հայկ Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ ռեժիմը միշտ օգտագործելու է իրավապահ մարմիններին, դրանից հետո նրանց դարձնելու է պատժի առարկա, որովհետեւ նրանք արդեն կատարած են լինելու իրենց գործը. «Ես ուզում եմ կոչ անել մեր բոլոր իրավապահ մարմիններում աշխատողներին, որոնց մեջ շատ են դրական եւ բարի մարդիկ, որոնք իրենց դիրքի պատճառով ստիպված են կատարել այդպիսի ապօրինություններ, նրանք պետք է հաշվի առնեն, որ այս անգամ մենք մի անկյունաքարային իրավիճակում ենք գտնվում, որ հասարակությունը այլեւս չի հանդուրժելու ապրելու նման ձեւը: Այս հարյուրերորդ տարելիցը զուգահեռներ ունի հարյուր տարի առաջ թուրքական կառավարության կատարած ռեպրեսիաների հետ, սա է պատճառը, որ հենց ապրիլի 24-ն է ընտրվել, այսինքն՝ մենք խնդիր ունենք ողջ հասարակությունում վերաիմաստավորել մեր անցած հարյուրամյա պատմությունը: Սա առաջին հերթին մտքի հեղափոխություն է»:

Հայկ Գրիգորյանի խոսքերով՝ բոլորը պետք է ապրեն 100-ամյակն առանց ռեժիմի ձեւաչափով. «Մեր հասարակությունը պատրաստ է դրան, ձերբակալությունները անցողիկ են, հասարակության համար դա պետք է լինի ազդանշան, որ այս պահը եկել է»:

Նա հավելեց, որ կիրառված հոդվածները անհեթեթ են. «Դասական քաղբանտարկյալ սարքելու համար ռեժիմն ունի մի քանի դասական հոդվածներ, բայց այս դեպքում ընտրվել է բավականին խիստ հոդված, որը նախատեսել է ազատազրկում 4-10 տարի ժամկետով, եւ այդ գործի հիմքում չկար որեւէ փաստական եւ իրավական հիմք: Խուզարկությունները կատարել են, որովհետեւ միտք ունեին հայտնաբերել որոշ առարկաներ, բայց խուզարկությունների արդյունքում չի հայտնաբերվել որեւէ փաստական հիմք, որով ռեժիմը կարող է հիմնավորել իր առաջ քաշած քրեական գործի հետագա ընթացքը: Ես կոչ եմ անում ռեժիմին խելքի գալ եւ այլեւս չշարունակել անհիմն քրեական գործի հետագա ընթացքը. Դա ավելի է զայրացնելու հասարակությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930