Եվրո-Հայկական Դաշնության նախկին նախագահ, այժմ Ֆրանսիայի Ռոն-Ալպի նահանգի խորհրդի պատգամավոր Հիլդա Չոբոյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական լոբբինգն իր ազդեցությունն ունեցե՞լ է ապրիլի 24-ից առաջ Քարդաշյանի Հայաստան այցի որոշման վրա՝ ասաց. «Անկասկած, ԱՍՆ-ում Հայոց ցեղասպանության շուրջ ստեղծված հետաքրքրությունը դերակատարություն ունեցել է այս որոշման կայացման մեջ։ Շատ դրական եմ գնահատում նրա այցը։ Քիմ Քարդաշյանը համաշխարհային ճանաչում ունի, մասնավորաբար, ոչ քաղաքականացված հասարակության մեջ։ Հանրային կարծիքի վրա ազդելու և Հայոց ցեղասպանությունը ծանոթացնելու հնարավոր միջոցներից մեկն է սա, որ չպետք է բացառել։ Այս և նույնանման, մինչև իսկ քաղաքական դեմքերի այցելության հետևանքները սահմանափակվում են հանրային կարծիքի ձևավորմամբ, բայց, իմ կարծիքով՝ հայ ազգային կառույցները պետք չէ բավարարվեն այս այցելությունների մակարդակով կամ քանակով։ Մեզ համար այսօր կենսական է ապրիլի 24-ի հավաքները քաղաքական դրամագլխի վերածելու ռազմավարություն մշակել և գործի դնել»,- ասաց Հիլդա Չոբոյանը։
ԱՄՆ-ում հայտնի գրող, մտավորական Խորեն Արամունին նույնպես դրական համարեց Քարդաշյան քույրերի այցը Հայաստան. «Նրանք հայ են, և պատահական չէ նրանց այցը հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրանք մեզ ավելի պատիվ են բերում, քան՝ «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրին մասնակցող հայաստանաբնակ մեր հայրենակիցներն ու Թուրքիայում ապրող հայաստանցի շատ կանայք, որ գիտենք՝ ինչով են զբաղվում։ Իմիջիայլոց, ամբողջ աշխարհում Քարդաշյան քույրերին ավելի լավ են ճանաչում, քան ԱՄՆ արտաքին գործերի նախարարին:
Անուշ ԹՐՎԱՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում