Մետաքսի ճանապարհ, ռազմական օգնություն, արտոնյալ վարկ` չինական շռայլ խոստումներ
Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակի, Հայաստան-ԵՏՄ համագործակցության հնարավոր պտուղների քննարկումների տիրույթից դուրս մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ, որն արժանի ուշադրության չարժանացավ:
Մարտի 24-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցծինփինի հրավերով պետական այցով Չինաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս այցելության ժամանակ քննարկվել են համագործակցության այնպիսի ոլորտներ, ստորագրվել են այնպիսի մակարդակի հռչակագիր ու փաստաթղթեր, որոնք, սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ վկայում են Չինաստանի կողմից Հայաստանի հանդեպ աննախադեպ հետաքրքրության մասին:
Չինաստանը լրջորեն հետաքրքրված է Հայաստանով, կամ՝
հայ-չինական տեսլական
Այսպես, Սերժ Սարգսյանն ու ՉԺՀ նախագահը բանակցությունների ավարտին ստորագրել են «ՀՀ եւ ՉԺՀ բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին» համատեղ հռչակագիրը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Դրանց թվում են` Հայաստանին ՉԺՀ-ի կողմից արտոնյալ վարկ տրամադրելու շրջանակային համաձայնագիրը, երկու երկրների կառավարությունների միջեւ մաքսային գործերում համագործակցության համաձայնագիրը, կրթության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության համաձայնագրերը, հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին հուշագիրը, ՀՀ Կենտրոնական բանկի եւ ՉԺՀ ժողովրդական բանկի միջեւ հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների վերաբերյալ համաձայնագիրը եւ այլ փոխըմբռնման հուշագրեր:
Կարդացեք նաև
Հայ-չինական համատեղ հռչակագրում հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը կարեւորելով՝ նշվել է, որ Հայաստանի եւ Չինաստանի բարեկամական համագործակցությունը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների եւ ժողովուրդների արմատական եւ երկարաժամկետ շահերին, այլեւ նպաստում է երկու երկրների համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության։ Կողմերը հռչակագրում շեշտում են, որ ակտիվացնում են երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերը, ընդլայնում են կառավարությունների, օրենսդիր մարմինների, կուսակցությունների, բանակների եւ հասարակական միավորումների միջեւ կապերն ու համագործակցությունը։ «Կողմերը գտնում են, որ առեւտրատնտեսական կապերը հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության կարեւոր բաղկացուցիչն են, բարձր են գնահատում Առեւտրատնտեսական համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների գործնական համագործակցության խորացման հարցում, պատրաստ են հետագայում այս հանձնաժողովի միջոցով օպտիմալացնել երկու երկրների միջեւ առեւտրի կառուցվածքը, հարստացնել համագործակցության ձեւերը եւ ընդլայնել ուղիները, աստիճանաբար բարելավել առեւտրաներդրումային մթնոլորտը, փոխադարձ շահերի եւ իրավահավասարության հիման վրա միմյանց տրամադրել բարենպաստ պայմաններ` ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների եւ կապիտալի ներմուծման համար։ Չինական կողմը խրախուսում եւ աջակցում է իր ձեռնարկություններին ՀՀ-ում ներդրումներ անելու եւ ձեռնարկություններ ստեղծելու հարցում՝ իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա եւ առեւտրային օրինաչափություններին համապատասխան»:
Հետաքրքրական է հռչակագրի հետեւյալ դրույթը. «Կողմերը նշեցին, որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը նոր պատմական հնարավորություններ է ընձեռում երկու երկրների բազմակողմ համագործակցության համար։ Կողմերն ակտիվորեն կաշխատեն արդեն կնքված համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով»։ Հաջորդ ուշագրավ դրույթը. «Կողմերը պատրաստ են համապատասխան ձեւով շարունակել պրակտիկ փոխգործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական պատվիրակությունների փոխայցելությունները, զինվորական կադրերի պատրաստումը, ռազմական օգնության ցուցաբերումը»։
ՀՀ-ն ակնկալում է Չինաստանի մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում
Սերժ Սարգսյանը Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ ելույթ է ունեցել: Նա, մասնավորապես նշել է, որ Հայաստանը Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող մի երկիր է, որ հազարամյակներ շարունակ կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջեւ, եւ որտեղ միաձուլված են արեւելյան եւ արեւմտյան արժեքները. «Այդ կապի առարկայական պատկերը պատմական Մետաքսի մեծ ճանապարհն է, որի անքակտելի մաս է կազմել Հայաստանը: Եվ պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է նախագահ Սի Ցծինփինի՝ ժողովուրդներին միավորող այդ ուղին վերականգնելու առաջարկը»: Նա հավելել է նաեւ, որ Հայաստանը գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից, եւ կառավարությունն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն: «ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ազատ մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա, հումքի անմաքս ներմուծման իրավունք ԵՏՄ եւ 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ պայմաններ՝ 3-րդ երկրներից: Օգտվում ենք նաեւ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի արտոնությունների համակարգից, այսինքն՝ զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքեր են գործում հայկական ծագում ունեցող ապրանքներն այս երկրներ արտահանելիս: Հայաստանը նաեւ խոշոր արտահանողներին տրամադրում է արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ ազատելով շահութահարկից»:
Ս. Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով, բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձեւաչափերով եւ «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցմամբ: «Հայաստանը պատրաստ է դառնալ նաեւ ասիացի գործարարների շահերի կենտրոն: Կառաջարկեի դիտարկել նաեւ չինական եւ այլ ասիական խոշոր ընկերությունների՝ Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Գործարարների համար հատկապես գրավիչ կարող է լինել էներգետիկայի ոլորտը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերում համագործակցությունը` Մետաքսի ճանապարհ նախաձեռնությանը համահունչ»,- ասել է նա:
Այնուհետեւ Ս. Սարգսյանը հյուրընկալվել է Չինաստանի կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում, որտեղ կայացել է նրա հանդիպումը ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այստեղ նույնպես Ս. Սարգսյանը ուշագրավ դիտարկումներով է հանդես եկել: «Հայաստանը ողջունել է Չինաստանի նախագահ պարոն Սի Ցծինփինի կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձեւավորելու վերաբերյալ գաղափարը: Դեռեւս Հին Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայկական արտադրանքն ու ապրանքները հայտնի էին չինական շուկաներում, իսկ հայ առեւտրականների նավերը հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներ, մասնավորապես՝ Հոնկոնգ: Հուսով եմ, որ մեր օրերի Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված են նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի իրականացմանը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` կոնկրետացնելով, որ Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում. «Այն կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին: Միեւնույն ժամանակ այն կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ զարկ կտա Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին»:
Այսպիսով, հայ-չինական հռչակագրում ամրագրվել են կոնկրետ նախաձեռնություններ: Մետաքսի ճանապարհի նախաձեռնության մասին հիշատակումը ենթադրում է հաղորդակցության ուղիների ստեղծում տարածաշրջանում: Հայաստանին «ռազմական օգնություն» տրամադրելու դրույթը ինքնին բավական լուրջ խոստում է: Բացի այդ, Չինաստանի կառավարությունը Հայաստանին է տրամադրելու արտոնյալ վարկ: Վստահաբար, ՀՀ իշխանությունները պետք է չինացի գործընկերներին դեռ ապացուցեն, որ ապահովելու են ազատ տնտեսվարման պայմաններ: Բայց այս ամենի հետ միասին ակնհայտ է, որ աշխարհում զարգացման նշանակալի ցուցանիշներ արձանագրող Չինաստանը հետաքրքրված է Հայաստանով, եւ այս հնարավորությունից, անշուշտ, պետք է օգտվել:
Սերժ Սարգսյանի չինական այցի ու ձեռք բերված պայմանավորվածությունների, արձանագրված համագործակցության գաղափարների հետ հետաքրքիր է մեկ այլ հարց` որքանո՞վ են ընդունելի հայ-չինական այսպիսի մակարդակի հարաբերությունները Հայաստանի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի համար:
Եթե հայ-չինական հարաբերությունների խորացման հիմքը դրվել է Մոսկվայի հետ համաձայնության արդյունքում, ապա այս դեպքում հաջողության հասնելու հնարավորությունները կարելի է ինչ-որ առումով ավելի մեծ համարել, քան եթե Հայաստանը ինքնուրույնություն լինի դրսեւորած այս հարցում: Չէ՞ որ Հայաստանի ինքնուրույնության դրսեւորման արդյունքում արձանագրված տապալման մեկ փաստ ոչ վաղ անցյալում արդեն իսկ գրանցվել է, երբ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ու փաստաթղթի ստորագրումը վերջին պահին ուղղակի չեղյալ հայտարարվեցին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.03.2015