Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնել ճիշտ հնչերանգը

Ապրիլ 09,2015 10:05

Ճիշտ են ասում՝ երջանիկ է այն մարդը, որին մասնագիտությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու եւ շփվելու հրաշալի մարդկանց հետ: Չգիտեմ՝ ինչպես մնացած լրագրողները, բայց ես հենց այդ զգացողությունն ունեմ, որովհետեւ նման մարդկանց եմ փնտրում ու գտնում, այդպիսի պատմություններ եմ ուզում նախեւառաջ պատմել: Երբեմն դա չի հաջողվում, եւ մեր պատմությունները բավականին տխուր են հնչում: Բայց դրանցով ընթերցողին շոկի մեջ գցելը չպիտի ինքնանպատակ լինի: Ինձ համար ոգեւորիչ են կայացած, հաջողակ, «ամբողջական» մարդկանց օրինակները: «Ամբողջականությունը» ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ. երբ մարդն իմ ներկայությամբ որեւէ գնահատական է հնչեցնում, ես վստահ եմ, որ այդ նույն գնահատականը նա հնչեցնելու է այլ միջավայրերում: Ոչ մի պարագայում չի կեղծի, մի խոսքով:

Վերջերս ես բախտ ունեցա ծանոթանալու ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի հետ: Նրա կյանքը մի էպոս է՝ միայն հասցրու գրի առնել տարբեր ժամանակաշրջանների մասին իր պատմածները: Նրա ստեղծագործությունը մի պոեմ է Հայ մարդու մասին՝ այստեղ իրենց խոսքը պիտի ասեն արվեստաբանները: Բայց հիմա ես ուզում եմ ասել այլ՝ այս օրերի հետ առնչվող մի բան. նա կարողացել է գտնել «ճիշտ հնչերանգը»՝ Հայոց ցեղասպանությունը ներկայացնելու համար: Այդ թեմային նվիրված նրա կտավներում չկա լալկանություն եւ «հավերժասուգ»՝ հայերն այստեղ ձիգ են, արժանապատիվ, փորձություններին դիմադրող: Արվեստում, հասարակական եւ պետական մակարդակներում մեզ, ցավոք, հազվադեպ է հաջողվում գտնել այդ «հնչերանգը»:

70-ականների սկզբին ծնողներիս հետ ապրիլի 24-ին գնացինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ այնտեղ անմար կրակի մոտ ես տեսա մի հայտնի մտավորականի, որը լաց էր լինում: Զգացմունքների այս ցուցադրական ներկայացումն ինձ արհեստական թվաց. հիմա ինձ թվում է, որ դա նման էր փարիսեցիների հրապարակային աղոթքների, որոնց մասին գրված է Աստվածաշնչում: Այդ ժամանակ ես այդքանը չգիտեի, բայց կեղծիքը 3-4-րդ դասարանի երեխան ավելի լավ է զգում, քան մեծահասակը:

Եվս մի հիշողություն՝ կապված այդ օրվա հետ: 1987-ի ապրիլի 24-ին ՍՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվեց մեր հաղորդումը Աբովյան փողոցի մասին: Ասում եմ «մեր»՝ չնայած իմ դերը չափազանց համեստ էր՝ հաղորդումը պատրաստել էր տաղանդավոր լրագրողների, ռեժիսորների, օպերատորների խումբ՝ վերջերս կյանքից հեռացած Մոնիկա Տեր-Պողոսյանի ղեկավարությամբ: Մենք չգիտեինք, որ հաղորդումը ցույց են տալու ապրիլի 24-ին՝ վերջին պահին պարզվեց, որ Մոսկվայում որոշվեց հայերին այդպիսի «հաճելի անակնկալ» մատուցել: Հաղորդման մեջ, այնուամենայնիվ, Գեւորգ Էմինը խոսում էր Ցեղասպանության մասին չափազանց զուսպ եւ արժանապատիվ: Երբ հաղորդումը եթեր գնաց, «քյարթու» մտավորականներն աղմուկ բարձրացրին, թե ինչու մենք ողջ ուժով չենք ներկայացրել բազմաչարչար հայ ժողովրդի տառապանքը:
Մենք անընդհատ շեղվում ենք «սխալ հնչերանգի» վրա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930