«Գնացել էինք բարեկամի տուն եւ այնտեղ մի սփրայթի շիշ կար: Երեխաներով մտածեցինք, որ սփրայթ է եւ ուզում էինք բացեինք, որ խմեինք: Շատ պինդ էր փակած, եւ ես վերցրեցի շիշը, որ բացեմ ու բացելու ժամանակ թափվեց աչքիս մեջ: Աչքս այլեւս չի տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատմեց Նվեր Վիրաբյանը:
Նվերի աչքի մեջ սփրայթի շշից էսենցիա էր թափվել, որն էլ դարձել էր պատճառ, որ կորցնի ձախ աչքի տեսողությունը: Երեխաները պատկերացում չունեին, որ այդ շշի մեջ կարող էր էսենցիա լինել: Նվեր Վիրաբյանը 11 տարեկան երեխա է, ով, դժբախտաբար, հայտնվել է այնպիսի վիճակում, որ հասարակության օգնության կարիքն է զգում: Երեխայի աչքը վերականգնելու համար պետք է կատարվի բարդ վիրահատություն, որն էլ կապված է մեծ գումարի հետ: Վնասվել է ձախ աչքի եղջերաթաղանթը եւ այն կարող է վերականգնվել միայն եղջերաթաղանթի փոխպատվաստման միջոցով:
«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Նվերի մայրը՝ Լուսինեն, ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին եւ դեպքից հետո նրանք դիմել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. «Դիմեցինք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որպեսզի երեխայի աչքի տեսողությունը վերականգնեինք: Արդեն մի անգամ Նվերը վիրահատություն է տարել՝ աջ աչքից սնուցում է կատարվել ձախ աչքին: Դա չի օգնել, որ վերականգնվի տղայիս աչքի տեսողությունը, բայց ասել էին, որ տղաս կտեսնի: Ֆրանսիայից մի հայ բժիշկ էր եկել Հայաստան եւ ասաց, որ տղայի տեսողությունը վերականգնելու համար պետք է եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություն կատարվի: Ասաց նաեւ, որ այդ վիրահատությունը մեծ գումարի հետ է կապված, բայց չասաց, թե որքան գումարի: Մենք ինտերնետից տեղեկացանք, որ աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատության արժեքը 6.000 ԱՄՆ դոլար է կազմում՝ մի գումար, որը մենք չունենք եւ այժմ ի վճակի չենք այդ գումարը վճարել, որպեսզի երեխայի աչքը վիրահատենք»:
Տիկին Լուսինեն մեզ պատմեց նաեւ, որ Մալայանի ակնաբուժական կենտրոնում ասել են, որ եղջերաթաղանթի փոխպատվաստում չեն կարող անել: Շեշտեց նաեւ, որ Նվերի վիրահատության համար պետք է տղային տեղափոխեն Ռուսաստան:
Փոքրիկ Նվեր Վիրաբյանի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Կուրթան գյուղում: Նվերի հայրը՝ Արթուր Վիրաբյանը, զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասուն է պահում, սակայն դրանով չի կարողանում ձեռք բերել այն դրամաչափը, որը պահանջվում է տղայի աչքի վիրահատության համար, իսկ Նվերի մայրը՝ Լուսինե Վիրաբյանը, տնային տնտեսուհի է: Նվերը տան մեծ տղան է, ունի նաեւ եղբայր, որը յոթ տարեկան է: Նվերի պապիկը զոհված ազատամարտիկ է:
Այդ երիտասարդ ընտանիքն օգնության կարիք ունի, որպեսզի վերականգնվի տան մեծ զավակի աչքի տեսողությունը եւ վերջապես ուրախությամբ լցվի իրենց օջախը:
«Ես, պարզապես, դիմում եմ բարի մարդկանց, ովքեր կհասկանան, թե ինչ է նշանակում ականատես լինել երեխայի այդ վիճակին եւ ինչպիսի ցավ կարող է ապրել մոր սիրտը, եթե կարող եք, խնդրում եմ՝ աջակցեք վերականգնել տղայիս աչքի տեսողությունը»,- վերջում ասաց տիկին Լուսինեն:
Իսկ 11-ամյա Նվեր Վիրաբյանն ասաց. «Ես չեմ վախենում բժիշկներից ու վիրահատությունից, միայն շատ-շատ եմ ուզում, որ աչքս տեսնի»:
Ս. ՀԱԿՈԲՅԱՆ
Նվեր Վիրաբյանի համար բացվել է հաշվեհամար: Աջակցել ցանկացողները կարող են հնարավորության չափով գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին՝
«Կոնվերսբանկ».
ՀՀ դրամով (AMD)՝ 1930011322430100,
ԱՄՆ դոլարով (USD)՝ 1930011322430101, ստացող՝ Լիանա Սուքիասյան՝ Նվերի մորաքույրը, կամ կարող եք կապ հաստատել Լուսինե Վիրաբյանի հետ՝ 093 90 69 16 հեռախոսահամարով:
«Առավոտ» օրաթերթ
08.03.2015