Ասում է սոցիոլոգը՝ մատնանշելով «պատվո պահակ» արարողակարգը
Ապրիլի 1-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնած «պատվո պահակ» հերթապահությունը, որն իրականացնում են տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտները: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մեկնաբանմամբ՝ աշակերտները հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը, մանավանդ որ, ըստ նրա, «պատվո պահակի» գաղափարը դրական է ընկալվել բոլոր դպրոցների ու նույնիսկ ծնողների կողմից:
Արարողակարգը, որն իրականացնում են աշակերտները, շարունակվելու է մինչեւ ապրիլի 23-ը: Հիշեցնենք, որ դպրոցականները Ծիծեռնակաբերդում են լինում առավոտյան ժամը 10-ից մինչեւ 18-00-ն: «Առավոտի» հետ զրույցում, ԿԳ նախարարության այս նախաձեռնությունը, որն արժանացել է պետական հանձնաժողովի հավանությանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անվանեց նեոբոլշեւիզմ: «Երեւի գոյություն ունի ռազմահայրենասիրական կամ հայրենադաստիարակության համակարգ, որովհետեւ հեղինակը երեւի գտել է, որ նման բանն ամրացնում է ազգասիրությունը, պատասխանատվությունը կամ չգիտեմ ինչը: Ու սա միայն այս շրջանակում երեւի թե իմաստ ունի, սակայն շատ նման է պիոներական պահակներին, երբ Լենինի ծնունդին, կամ պիոների հիմնադրման ժամանակ գալիս Լենինի հրապարակում էլի տենց պատվո պահակության նման ինչ-որ բան էին անում: Ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Բրիտանիայում, Ֆրանսիայում կամ որեւէ այլ երկրում նման բան անեն: Այստեղ հետսովետական սինդրոմն է աշխատում ու քանի որ մեր էլիտան ձեւավորվել, կրթվել ու մեծացել է նախկին ռեժիմի շրջանակում, պարզ է, որ նրանց վարքագծի մեջ այդ ամենը պետք է երեւար»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Կարդացեք նաև
Սոցիոլոգին հիշեցրինք, որ «պատվո պահակի» գաղափարը ԿԳ նախարարությանն ու նախարար Արմեն Աշոտյանինն է, որն էլ հայտնել էր, որ հնարավոր է՝ արարողակարգը դառնա ավանդական, որովհետեւ իրենք մարզերից էլ հայտեր ունեն, այդ արարողակարգին մասնակցելու համար:
«Մարզերինն ընդունում եմ, համ էլ՝ հեռավոր գյուղերի երեխաները հնարավորություն կունենան գալ ու Երեւանը տեսնել, Կառավարության շենքը, Ազգային ժողովը, Օպերան եւ ոչ թե միայն հեռուստացույցով տեսնելով պատկերացում կունենան մայրաքաղաքի մասին: Իսկ ընդհանուր առմամբ, Երեւանի առումով, դա ինչ-որ մի կոնցեպցիա է, որից նեոբոլշեւիզմի հոտ է գալիս»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.03.2015
Արմեն Աշոտյանի կողմից պարտադրանքի առկայություը վկայակոչելով մայրաքաղաքի շատ դպրոցներում անմոռուկի առևտուր է սկսել` յուրաքանչյուր աշակերտ պարտավոր է վեց անմոռուկ գնել …
Ահա այսպիսին է հհկ ախոռի պատկերացրած ,,հայրենասիրական,, դաստիարակությունը…