Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը հիմնված է «հաղթել-պարտվել» մոդելի վրա

Ապրիլ 09,2015 12:00

Բայց այն կարող է զարգանալ միայն
«հաղթել-հաղթել» մոդելի կիրառման դեպքում

Ամերիկացի մասնագետները դեռեւս մի քանի տասնամյակ առաջ բոլոր տեսակի հարաբերություններում՝ միջանձնային, կորպորատիվ, ներքաղաքական, միջազգային, առանձնացրել են հիմնականում երեք տիպի մոդելներ. «պարտվել-պարտվել», «հաղթել-պարտվել» եւ «հաղթել-հաղթել» (win-win): Առաջինը անմեղսունակների համար է. օրինակ՝ ամուսինները բաժանվում են, եւ դատարանը որոշում է, որ ամուսինը պետք է իր մեքենան վաճառի եւ ստացած գումարը տա նախկին կնոջը: Այդ որոշումից դժգոհ տղամարդն իր 100 հազար դոլարանոց ավտոմեքենան վաճառում է 5 դոլարով, որը եւ հանձնում է նախկին կնոջը: Մեկը մնում է առանց մեքենայի, երկրորդը՝ առանց գումարի, երկուսն էլ պարտվում են:

Աշխարհում հարաբերությունները, որպես կանոն, հիմնված են «հաղթել-պարտվել» մոդելի վրա: Օրինակ՝ ինձ ամեն օր «հաղթում են», նույնիսկ կասեի՝ «ջախջախում են» բազմաթիվ ընթերցողներ, որոնք ցույց են տալիս, թե որքան սխալ եւ հիմար բաներ եմ ես գրում՝ դրանով, իրենց կարծիքով, ինձ լուրջ հոգեբանական հարվածներ հասցնելով: Կամ՝ մեկը շուկայում 100 դրամանոց ապրանքը վաճառում է 1000 դրամով, եւ դրանով «հաղթում է» միամիտ հաճախորդին: Կամ՝ ամուսինը ստիպում է կնոջը գնալ մի տեղ, որտեղ վերջինս չի ուզում գնալ, այսպես ասած՝ «կոտրում է նրա դիմադրությունը» եւ դրանով «հաղթանակ է տոնում»: Եվ այդպես է ոչ միայն միջանձնային հարաբերություններում, այլեւ աշխարհի մասշտաբով: Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու է աշխարհն այդքան անկատար:
Իհարկե, նույնը մենք հանդիպում ենք ներքաղաքական կյանքում: Ընդդիմությունն ու իշխանությունը Հայաստանում ձգտում են իրար ոչնչացնել, այսինքն՝ հաղթանակ տանել մեկը մյուսի նկատմամբ: Ընդ որում, առաջինն ասում է, որ դա կլինի «ժողովրդի» հաղթանակը, որ նրանք ուզում են «իշխանությունը վերադարձնել ժողովրդին» եւ այլն, բայց երբ որեւէ քաղաքական գործիչ արտասանում է «ժողովուրդ» բառը, կարող եք չկասկածել, որ նա ձեւեր է թափում: Իշխանությունն էլ ասում է, որ նա ամենեւին նպատակ չունի ոչնչացնել ընդդիմությանը, նա «շահագրգռված է ուժեղ, ազդեցիկ ընդդիմություն ունենալու հարցում», բայց դա էլ է սուտ, եւ իշխանության քայլերը վերջին 24 տարում ճիշտ հակառակն են վկայում: Լուծումը ոչ թե փոխզիջումների գնալն է, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ, այլ այնպիսի համատեղ նպատակներ գտնելը, որտեղ երկուսն էլ հաղթելու են:

Ադրբեջանցիներն ուզում են «հաղթել» մեզ, այսինքն՝ ֆիզիկապես ոչնչացնել կամ տեղահան անել Արցախում ապրող հայերին, մեր հաղթանակն էլ, հավանաբար, կլինի այն, որ նրանք «ձեռ քաշեն» իրենց այդ մտադրությունից: Այս մակարդակի վրա մեր վեճը կարող է տասնամյակներ տեւել: Արդյոք մեր ժողովուրդներն ունե՞ն մի օրակարգ, որը համատեղ իրականացնելով՝ հավասարապես շահելու են: Եթե այո, ապա Արցախի խնդիրը երբեւէ կլուծվի:

«Հաղթել-հաղթել» մոդելի լավագույն օրինակն էր անցած շաբաթ Շվեյցարիայում «վեցյակի» եւ Իրանի միջեւ ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը:

Պատժամիջոցները վերացնելու դեպքում Իրանի տնտեսությունը, որը հզոր ներուժ ունի, կսկսի ազատ շնչել, ինչից շահելու են թե՛ բուն Իրանը եւ թե՛ նրա հարեւանները (նաեւ մենք, եթե ճիշտ աշխատենք): Ռուսաստանը նույնպես Իրանի հետ ունի շատ ամուր քաղաքական եւ տնտեսական կապեր եւ կկարողանա մի շարք ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ ատոմակայանների կառուցման ուղղությամբ: Նավթի գինը, ճիշտ է, շարունակելու է ընկնել, բայց մեր ռազմավարական գործընկերները վաղ թե ուշ պետք է հասկանան, որ չի կարելի ամբողջ տնտեսությունը կառուցել գազ եւ նավթ վաճառելու վրա: Արեւմուտքն էլ կազատվի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իր վախերից եւ բարենպաստ սցենարի դեպքում պատմական մոտ ապագայում կարող է տնտեսական լավ գործընկեր ունենալ:

Ինչ ուզում եք ասեք՝ «հաղթել-հաղթել» մոդելը կիրառելու համար պետք է հոգեւոր եւ մտավոր ավելի բարձր մակարդակ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ԱմերիկաՀայ says:

    Ցավոք, մեր հարևանները դեռ միջնադարում են (մի հատ ստուգեք, թե կանաց ինչպես են վերաբերվում՝ որպես իրի առանց իրավունքի և ձայնի)։ Մեր լրագրողներն էլ նախորդ դարում են ու առանց փաստերը ստուգելու բաներ են ներկայացնում որպես փաստ՝ the country’s president warned separately that Tehran’s approval of a final deal depends on the immediate lifting of all sanctions related to its controversial nuclear program. Արամ ջան, դու մենակ չես, շատ արևմտյան լրագրողներ էլ փոխանակ լուսաբանեն կարևոր անցքերը՝ պետության մատուցած թեմաները մի քիչ ձևափոխում են, մի քիչ զգայականություն են ավելացնում, համեմած անկապ ցիտումով ինչ որ «ուսումնասիրությունից» ու ահա՝ «թարմ» հայացք ծեծված թեմայի վրա։ Հո ամեն օր չեն գրելու «էս անգամ էլ թանկարժեք քործուղումը Շվեյցարիա ձեր հարկերի հաշվին ոչ մի արդյունք չտվեց»։

  2. Արսեն says:

    Ընթերցողները՝ չեն «հաղթում» Ա. Աբրահմանյան մարդուն (մարդու հետ՝ նրանք պայքարի մեջ չեն), ընթերցողները հայտնում են խմբագրի մտքերի հետ իրենց անհամաձայնությունը։
    Էդ ընթացքում ոչ մի մոդել էլ չկա (ինչպես դա հաղթանակ-պարտություն չէ, այնպես էլ ասենք հաղթանակ-հաղթանակ չէ՝ այն ընթերցողների կարծիքները՝ որոնք համաձայն են խմբգրի հետ), քանի որ ընթերցողները և խմբագիրը՝ տարբեր հարթություններում են։
    Խմբագիրը՝ «պարտվում» է այն դեպքում, երբ ընթերցողները ոչ թե «կհաղթեն» նրան «բանավեճում», այլ թերթը չեն գնի։ Ընթերցողները «հաղթում են»՝, ոչ թե «բանավեճում» հաղթելով, այլ այն դեպքում եթե այլ թերթեր գնեն (կամ ընդհանրապես՝ թերթ չկարդան…)))..)։
    Իսկ ընդհանրապես՝՝ հարց հանգում է նրան,՝ թե կոնկրետ ինչի համար ես բանակցում։ Կոնկրետ դեպքում՝ որ մոդելը կիրագործվի (հաղթանակ-պարտություն, թե հաղթանակ-հաղթանակ) կախված է իրադրությունից։ (Փորձեք՝ ասենք, «հաղթանակ-հաղթանակ» մոդել գտնել ֆուտբոլային երկու թիմերի համար, որոնք պայքարում են գավաթի եզրափակիչում..))).. )։
    «Հաղթանակ-հաղթանակ» մոդելի գլխավոր հարցն է՝ իսկ ինչ համաչափությամբ? Եթե երկուսդ էլ «հաղթում եք», բայց մեկի «հավելյալ արժեքը» շատ ավելի մեծ է իր ներդրման համեմատ՝ քան մյուսինը, իրականում՝ մյուս կողմը պարտվել է…

  3. Արսեն says:

    Ւսկ ընդհանրապես՝ թերթը խիստ տարօրիկակ ապրանք է..)))..
    Քանի որ, ինֆրմացի աղբյուր հանդիսանալու հետ մեկտեղ՝ թերթը (համարյա բոլոր) ունի նաև «քաղաքական գիծ», դրան համապատասխան՝ «բարոյահոգեբանական մթնոլորտ» ձևավոչելու նպատակ… ինչպես նաև, հիմնականում ունենում են ինր-որ ապրանքների՝ ուղղակի գովազդ… ստացվում է՝, որ դու փող ես տալիս և որ քո ուղեղը լվանան, և քեզ ներշնչեն՝ ինչ-որ բան գնել..)))..
    Էդ երեքն էլ՝ թերթի օգտին է..)))..
    Ըստ այդմ՝ որպեսզի վերականգնվի «արդարությունը» (այսինքն լինի «Հաղթանակ-հաղթանակ»…)))..), գոնե, թերթը ինքը՝ պետք է ձրի լինի… (իսկ ավելի ճիշտ կլինի՝ խմբագիրը վճարի՝ իր թերթը կարդալու համար..))..)։՝

  4. Գալուստ Ենոքյան says:

    «Օրինակ՝ ինձ ամեն օր «հաղթում են», նույնիսկ կասեի՝ «ջախջախում են» բազմաթիվ ընթերցողներ, որոնք ցույց են տալիս, թե որքան սխալ եւ հիմար բաներ եմ ես գրում՝ դրանով, իրենց կարծիքով, ինձ լուրջ հոգեբանական հարվածներ հասցնելով:»
    Հարգելի Արամ, իհարկե հաղթել, պարտվելու բազմաթիվ տարբերակներ կա մեր կյանքում…այսոր շատ տարածված է կազինոներում մեկ ձեռնանի ավազակի հետ կռիվ տվող…կամ Wall Street ում մասնավոր ներդնողները…սակայն ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ իր իսկական հաղթողներին ինքն է ընտրում…տեսեք Հայկական լեռնաշխարհի մենաստաններում, քարանձավներում Սուրբ ձեռագրերը արտագրող անանուն հայորդիները հաղթողների մեջ են անշուշտ, չնայած որ Կարդաշյաններին հետեվող ամբոխի համար նրանք անշուշտ պարտվողների…այսօր Համացանցում մի տեղ կարդացի Անի Քոչարի մի դիպուկ արտահատությունը եվ իր միտքը հաստատող պատկերներ…մենք շատ ծայրահեղությունների ժողովուրդ ենք…քաղաքի մի մասում Կարդաշյաններն են իսկ միւս մասում անշահախնդիր պայքարի ելած Եշեռնի զոհերի թոռները…ում է պատմությունը հիշելու ՎԱՂԸ…իմ նման բլոճներին…երբեք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930