«Հիմնադիր խորհրդարանի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Հովհաննես Ղազարյանի խոսքերով՝ իր տունը երեկ վաղ առավոտից խուզարկած ԱԱԾ աշխատակիցները վերցրել են իր անձնական իրերն ու չեն վերադարձրել:
«Տարել են ձեռքի երկու հեռախոսս, անձնագիրս, նույնականացման քարտս, տղայիս նոթբուքը, իմ համակարգիչը, արշավային պայուսակս, փայտի կտոր, որով տասներեքամյա տղաս խաղում էր, որպես են մահակ են դիտարկել, բահ, ատրճանակս ու այն օգտագործելու օրինական թույլտվությունը, էլեկտրաշոկը»,-Aravot.am-ին պատմեց Հովհաննես Ղազարյանը՝ նշելով, որ ինչ որ տարել են, չեն վերադարձրել:
Նրա խոսքով, խուզարկությունից հետո որոշակի իրեր էլ ԱԱԾ աշխատակիցները տարել են գրասենյակից՝ համակարգիչներ, բուկլետներ եւ պաշտոնաթերթը:
Ի դեպ, Հովհաննես Ղազարյանին բերման են ենթարկել Վանաձորից ՀՀ քննչական կոմիտե, իրենից վերցրել են նաեւ գրասենյակի բանալին ու կրկին չեն վերադարձրել: Նրա պատմելով, սկզբում իրեն բերման են ենթարկել ապրիլի 24-ին անկարգություններ հրահրելու կասկածանքով, բայց հետո անկարգություններ հրահրելու մեղադրանքով «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամների դեմ հարուցված քրեական գործում ներգրավել են որպես վկա. «Մենք միտում չունեինք անկարգություններ հրահրել, մենք բռնություններին դեմ ենք: Անհիմն եմ համարում ինձ բերման ենթարկելը կամ անկարգություններ հրահրելու մեջ կասկածանքը, մշտապես կոչ ենք արել խաղաղ ճանապարհով քաղաքական հարցերը լուծել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ապրես Սիրուշիկ