Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծերի կյանքը. Էմիլ Զոլա և Անդրե Մորուա

Ապրիլ 08,2015 21:30

2015 թվականը հոբելյանական է ֆրանսիացի անվանի երկու գրողների՝ Էմիլ Զոլայի (175-ամյակ) և Անդրե Մորուայի (130-ամյակ) համար:

Այդ առթիվ Հայաստանի ազգային գրադարանը ֆրանկոֆոնիայի երկամսյա միջոցառումների շրջանակներում այսօր Զոլայի և Մորուայի գրքերի ցուցադրություն էր կազմակերպել: Ցուցասրահում ներկայացված էին անվանի գրողների գործերը տարբեր լեզուներով:

2015-04-08-14.052

«Բարեբախտաբար, երկու հեղինակների գործերն էլ հայերենով հասու են հայ ընթերցողին, ինչը չենք կարող ասել, օրինակ, Պատրիկ Մոդիանոյի մասին, որը վերջերս Նոբելյան մրցանակ ստացավ, բայց հայ ընթերցողի սեղանին նրա գործերից միայն մեկն է դրված՝ «Կորուսյալ երիտասարդության սրճարանը» վեպը»,- ասաց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս, գրականագետ Անի Ջանիկյանը, որը ներկաներին ծանոթացրեց Զոլայի և Մորուայի կյանքի որոշ դրվագների:

«Զոլան իր «Ռուգոն-Մակկարներ» ( Les Rougon-Macauquarts) քսանհատորյակը գրելիս ասում է, որ ինքն ու գիտնականը իրարից ոչնչով չեն տարբերվում. գիտնականը աշխատում է մարմնի, իսկ ինքը՝ հոգու վրա: Այսինքն՝ ուզում է ասել, որ իր մոտեցումը գրականությանը գիտական բնույթ ունի: Եվ, իսկապես, Զոլան գիտնական էր: Գիտե՞ք՝ նա փայլուն հանձնեց քննությունները քիմիայից, ֆիզիկայից և կտրվեց գրականությունից: Նա գիտականորեն այնքա՜ն հիմնավոր է «Ռուգոն-Մակկարներ» վիպաշարում ցույց տալիս, թե ինչպես են ժառանգականության օրենքներն ազդում Ռուգոն-Մակկարների ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա»,- նշեց Ա. Ջանիկյանը:

Զոլան նատուրալիստ էր, իսկ դա նշանակում էր՝ գրականություն մտցնել կյանքի պատճենը: Եվ ահա այս վիպաշարը, որի վրա Զոլան աշխատեց քսաներկու տարի, պատճենման սկզբունքով անդրադառնում է հասարակության բոլոր շերտերին, այդ թվում՝ նաև արվեստագետներին:

«Երբ Զոլայի մանկության ընկեր նկարիչ Պոլ Սեզանը կարդում է այս վեպը, նեղացած նամակ է գրում Զոլային՝ ասելով, որ նկարչի կերպարում ինքն իրեն է տեսել. «Ես չէի կարծում, որ Դուք այսպիսի կարծիք ունեք իմ մասին»,- նամակում գրել էր Սեզանը: Զոլան ապշում է այդ նամակից և պատասխանում, որ դա նկարչի հավաքական կերպար է: Սակայն Սեզանն այդ օրվանից այլևս չշփվեց Զոլայի հետ… Տարիներ հետո, Զոլայի մահվան լուրը լսելով, նկարիչը մեծ ցավ է ապրում. «Աշխարհը դատարկվեց»,- ասում է նա:

Իսկ Զոլայի մահը շատ աբսուրդային էր. նա իր կնոջ հետ ամառանոցից տուն էր վերադառնում: Եվ քանի որ ուշ գիշեր էր, որոշում են ապահովության համար հյուրանոցում գիշերել, առավոտյան նոր շարունակել ճանապարհը: Եվ հենց այդ գիշեր նրանք գազից խեղդվեցին: Կինը փրկվեց, բայց Զոլան մահացավ»:

Դառնալով Անդրե Մորուային՝ Ա. Ջանիկյանն ընդգծեց, որ նա մեծ կենսագիր է. «Մորուան փայլուն գիտեր Բալզակ, Հյուգո, Բայրոն, Սանդ… Մեծ վարպետ էր: Բայց, չգիտես ինչու, հայացքն առավելապես կենտրոնացած էր 19-րդ դարի վրա. հիմնականում ուսումնասիրում էր այդ դարաշրջանի հայտնի մարդկանց կենսագրությունը, որը երկար տարիների աշխատանք էր պահանջում: Նա ասում է, որ երբ պատրաստվում է գրել, ասենք, Հյուգոյի կյանքը, նախ կարդում է նրա բոլոր գործերը, նամակները, գնում է նրա տուն, ուսումնասիրում ողջ արխիվը և այլն, և այլն…

Ֆրանսիացի քննադատ Սենտ Բյովը, օրինակ, դեմ էր կենսագրություն գրելուն: Նա զարմանում էր, թե ինչպես մի մարդ կարող է ներկայացնել մեկ այլ մարդու, և ընթերցասեր հասարակությունը կարծիք կազմի ըստ դրա, այն էլ այն դեպքում, երբ նա կարող է շատ սուբյեկտիվ ներկայացնել: Կասկածի տակ չդնելով ճշմարտացիությունը՝ որպես գաղտնիք ասեմ, որ Մորուան երբեմն շատ սուբյեկտիվ է ներկայացնում (վերջիվերջո, պատմիչներն անգամ սուբյեկտիվ մղումներով են առաջնորդվում): Բայց չենք կարող չընդունել, որ ողջ աշխարհը Դյումայի, Բայրոնի, Սանդի կյանքը գիտի Մորուայի շնորհիվ: Հետո՞ ինչ, որ երբեմն նա սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930