Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամային սպորտը ելնում է միջազգային ասպարեզ. (Տեսանյութ)

Ապրիլ 08,2015 20:12

«Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ «Հաշմանդամների Փյունիկ միություն» ՀԿ-ն կազմակերպել էին անվասայլակներով բասկետբոլի ցուցադրական ելույթ:

ՀԿ-ի եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ապրիլի 6-ը ՄԱԿ-ը նշում է որպես սպորտի համաշխարհային օր եւ իրենք նախարարության հետ միասին որոշել են այդ օրը նշել այսօր: «Սա նախարարության հետ հերթական համագործակցությունն է: Մենք համատեղ աշխատանքների ծրագրեր ունենք եւ հույս ունենք, որ համագործակցությունն այս տարի կընդլայնվի: Այսօր երկկողմանի մարզումային ցուցադրական խաղ է անցկացնում մեր բասկետբոլի թիմը, որը մեկ ամսից ավելի սկսել է ինտենսիվ մարզվել՝ նախապատրաստվելով մայիսի սկզբին Իրանում կայանալիք միջազգային մրցաշարին: Դա մեր տղաների առաջին արտագնա մրցումն է լինելու:

Այդ հարցում մեզ օգնել են Երեւանի քաղաքապետարանը՝ օդանավի տոմսերի մասով, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, որը համապատասխան անվասայլակներ է նվիրել եւ HSBC  բանկը, որը գումարային որոշակի աջակցություն է ցույց տվել», – ասաց Հակոբ Աբրահամյանը: «Հրավեր ունեինք Ռիգայից, սակայն ֆինանսների բացակայության պատճառով մեկնել չհաջողվեց: Բայց կարողացանք հասնել այն բանին, որ սեպտեմբերին Պորտուգալիայում սայլակներով բասկետբոլի Եվրոպայի «C» խմբի առաջնությանը մասնակցելու հրավեր ենք ստացել: Եթե ֆինանսներ կարողանանք հայթայթել, անպայման կմասնակցենք», – հավելեց Հակոբ Աբրահամյանը:

Aravot.am-ի հարցին, թե Հայաստանում հաշմանդամային սպորտը միշտ էլ խնդիրներ է ունեցել: Հիմա ինչ-որ տեղաշարժ կա՞, ՀԿ նախագահը պատասխանեց. «Խնդիրները միշտ եղել են ու հիմա էլ շարունակվում են կուտակվել: Մի քանի օր առաջ նախարար Գաբրիել Ղազարյանի հետ հանդիպել եւ քննարկել ենք դրանք: Նա խոստացավ, որ դրանք աստիճանաբար լուծում կստանան: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կակտիվանա, առավել եւս, որ կա նաեւ վարչապետի հանձնարարականը»:

 Մանրամասն` տեսանյութում

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930