Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/Կ-ների մասին ՀՀ օրենքի նախագիծն արտահայտում է քաղաքացիական հասարակության մասնակիցների փոխադարձ շահերը

Ապրիլ 08,2015 19:19

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով  նախատեսված փոփոխությունները դրական կազդեն Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման վրա: Ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր հասարակական կազմակերպություններին, Եվրամիությանը և Բրիտանական խորհրդին, որոնք մեծապես նպաստել են նախագծի մշակման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար: «Օրենքները պետք է քննարկվեն հենց նախագծային փուլում, այլ ոչ ընդունվելուց հետո: Դա ավելի արդյունավետ է և նպաստում է առավել որակյալ օրենք ունենալուն»,-ասել է Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ օրենքի այս նախագիծն արտահայտում է քաղաքացիական հասարակության մասնակիցների փոխադարձ շահերը:

Խոսելով օրենքի նախագծից՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալն առանձնացրել է մի քանի սկզբունք, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության սեկտորի ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից: Դրանք են՝ ինքնակառավարման հնարավորությունը, հանրային և ներքին հաշվետվողականության ինստիտուտը, կամավորների ներգրավման ընթացակարգը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, դատարան դիմելու իրավունքը: Արսեն Մկրտչյանի խոսքով նմանօրինակ կարգավորումներն ավելի լայն հնարավորություն կբացեն հասարակական կազմակերպությունների գործառնական ճկունության համար:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը ողջունել է գործընթացի թափանցիկությունը և նշել, որ իրենք բավարարված են ՀՀ արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքներով: «Ներկայացվել էին բազմաթիվ առաջարկություններ, որոնք արտացոլվել են օրենքի նախագծի վերջնական տարբերակում: ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին այս ոլորտում»,-ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը:

Լրատվամիջոցների հետ հանդիպմանը հաջորդել է օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում՝ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Արդարադատության նախարարության աշխատակազմի  կազմակերպական-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի կարևոր դրույթները, որոնք վերաբերում էին ՀԿ-ների հիմնադրման ազատականացմանը, դրանց գրանցմանը, ձեռնարկատիրական գործունեությանը, կառավարման մարմիններին տրվող լայն լիազորություններին, դատարան դիմելու իրավունքին, կամավորության ինստիտուտին առնչվող և այլ հիմնահարցերին: Նախագծի ներկայացումից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում ՀԿ ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով, դիտարկումներով, կատարել հարցադրումներ, որոշ դրույթների առնչությամբ հայտնել նաև մտահոգություններ:

Մասնավորապես՝ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ արդարադատության նախարարությանը կատարած աշխատանքի և իրենց կողմից ներկայացված առաջարկությունները նախագծում ներառելու համար,  նշել է, որ կրոնական կազմակերպություններին նույնպես պետք է իրավունք տրվի հիմնադրելու հասարակական կազմակերպություններ: Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՀԿ-ների  կառավարման մարմինների որոշումները հրապարակելու առնչությամբ՝ նշելով, որ, օրինակ՝ իրավապաշտպան կազմակերպությունը կարող է նպատակահարմար չհամարել դրանք հրապարակել, քանի որ այն կխոչընդոտի իրենց աշխատանքին:

Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բարձր է գնահատել արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցությունը և ողջունել նախագծի մշակման համար հայեցակարգի ընդունումը՝ որպես լայն քննարկումներ ապահովող արդյունավետ քայլ:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է սերտորեն համագործակցել նախարարության հետ՝ նախագծի առավել ընդունելի վերջնական տարբերակ ունենալու համար:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930