Այսօր՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, գրավոր հարցերի ավարտից հետո սկսված բանավոր հարցերի հերթագրման ժամանակ կրկին տեխնիկական պատճառներով հնարավորություն չունեցա կառավարության ներկայացուցչին ուղղել իմ հարցը:
Ներկայացնում եմ այն հարցը, որը պատրաստվում էի հնչեցնել Ազգային Ժողովում: Հարցն ունի նախապատմություն, որը սկսվել է դեռևս ութ ամիս առաջ: Դիմումներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքների 12 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհը գտնվում է անանցանելի վիճակում, որը գրեթե անհնարին է դարձնում երթևեկությունը, ինչպես նաև Մաքենիս համայնքում խմելու ջրի պակաս կա, և անհրաժեշտ է կառուցել ջրագիծ (1800 մ) :
30.09.2014 թ.-ին թվագրված պատասխանում նշված էր, որ հարցը ուսումնասիրվել է այդ ժամանակահատվածում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կողմից, ում գրավոր պատասխանում նշված էր, որ Տ-4-61-Մ-11-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհն ընդգրկված է ՀՀ կառավարության 2014 հուլիսի 17-ին նիստի N 30 կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման առաջնահերթության ցանկերին հավանություն տալու մասին » արձանագրային որոշման ցանկերում: Իսկ ջրագծի կառուցման հարցը քննարկվում է Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված ֆինանսական միջոցների խնայողությունների հաշվին իրականացնելու հնարավորությունը:
Կանոնակարգ օրենքի համաձայն՝ 2014 թ-ի հոկտեմբերի 22-ին Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ եղավ իմ բարձրաձայնած հարցին, սակայն այդ ժամանակահատվածում արդեն Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Կարդացեք նաև
Ուստի, ստեղծված իրավիճակից ելնելով՝ հարցիս պատասխանեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նախարարի խոսքով՝ համայնքների ճանապարհի վերակառուցման հարցը ընդգրկվելու է 2015-16 թթ. Համաշխարհային բանկի միջոցով ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների ցանկում, իսկ վերակառուցման վերաբերյալ գրությունը սկզբնաժամկետով և վերջնաժամկետով հստակեցված պատրաստ կլինի 1-1,5 ամսվա ընթացքում:
Այս ամենից հետո անցել է յոթ ամիս, սակայն ճանապարհի վերակառուցման և ջրագծի կառուցման հարցերը դեռևս լուծում չեն ստացել: Իմ պատգամավորական լիազորությունների շրջանակում շարունակելու եմ հետևողական լինել հիշյալ և իմ բարձրաձայնած բոլոր խնդիրների լուծմանը:
Նշեմ , որ պարբերաբար դիմումներ եմ ստանում այս համայնքների բնակիչներից, ովքեր նկարագրելով ճանապարհների անմխիթար վիճակն ու խմելու ջրի սակավության օրհասական դարձած խնդիրը, խնդրում են Ազգային Ժողովում կրկին բարձրաձայնել ստեղծված ծայրահեղ իրավիճակի մասին:
Հարցս հետևյալն է՝ ի՞նչ քայլեր են արվել, արվում կամ արվելու այս խնդիրների լուծման ուղղությամբ, քանի որ չորս համայնքների բնակիչները սպասում են ավտոճանապարհի վերակառուցման և խմելու ջրի ջրագծի կառուցման արդեն օրհասական դարձած հարցերի շուտափույթ լուծմանը:
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան
խմբակցության քարտուղար
Վահե Էնֆիաջյան