Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանի բացահայտումը. դատախազության աշխատակիցներին $117 հազարանոց բնակարաններ են նվիրել

Ապրիլ 08,2015 17:42

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց այն մասին, թե ինչպես են պետբյուջեի հաշվին դատախազության, ոստիկանության մի շարք պաշտոնյաների նվիրել բավականին թանկարժեք բնակարաններ: Խոսքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ավագ դատախազի եւ այլ պաշտոնյաների մասին է:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Առնվազն 28 պետական ծառայության մեջ գտնվող անձի շուրջ 117 հազար դոլարի արժողությամբ բնակարան է տրամադրվել: Կառավարության պատասխանից պարզ է, որ բնակարանները գնվել են 2 մասնավոր ընկերություններից՝ առանց մրցութային կարգի: Ինչո՞ւ ընտրվեցին այս անձինք, երբ ոստիկանության ծառայության, դատախազության աշխատակիցներին են տրամադրել, ինչո՞ւ հենց իրենց տրամադրեցիք, նվիրեցիք այդ թանկարժեք բնակարանները, այլ ոչ թե հաշմանդամություն ունեցող ՊՆ-ի աշխատակիցների, որոնք իրապես կարիք ունեին բնակարանի: Նրանք կցանկանային ունենալ շատ փոքր բնակարան, ոչ թե 117 հազար դոլար արժողությամբ: Այդ մարդիկ դրա կարիքը չունեին, ունեին նույնիսկ իրենց անունով սեփականություն»:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Կատարվել է գնումների ընթացակարգի համապատասխան՝ բանակցային թափանցիկ գործընթացով: Ինչու այդ կազմակերպությունները՝ եթե դիմեինք մյուսներին, այդ հարցը նորից կառաջանար, թե ինչու հենց այդ կազմակերպություններից: Դա ավելի շատ հակակոռուպցիոն ազդեցություն ունի: Ինչու նման կազմակերպությունների աշխատակիցներին են տրամադրվել՝ կառավարությունը գտել է նպատակահարմար, որովհետեւ առաջին անհրաժեշտությունը դա էր: Նրանք անապահով էին, ըստ անհրաժեշտության են հատկացվել՝ օրենքներին համապատասխան»:

Զարուհի Փոստանջյանը կոչ արեց ԶԼՄ-ներին այդ անձանց ինքնությունը պարզել: Կոնկրետ նա ճանաչում է բնակարան ստացածներից մեկին՝ Էմիլ Բաբայանին. «Նա եղել է նաեւ փաստաբան, բավականին եկամուտներ ունեցող անձնավորություն է, կարիք չուներ, որ այս համատարած աղքատության պայմաններում նրան 117 հազար դոլար արժողությամբ բնակարաններ նվիրեիք, դա օրենքով նախատեսված չէ: Ինչ վերաբերում է բանակցային միջոցով բնակարան տրամադրելուն, երբ բազային դրույքաչափը 1 մլն-ից անցնում է, չի կարելի բանակցային գործընթացով անել, պետք է մրցույթ հայտարարվեր: Սա «Գնումների մասին» օրենքի խախտում է: Մենք չգիտենք, թե ինչ կոռուպցիոն գործընթաց է այստեղ թաքնված: Մենք չգիտենք, թե ովքեր են այդ ՍՊԸ-ները, հավանաբար մի պաշտոնյայի ՍՊԸ-ներն են: Ակնհայտ է, որ այստեղ կոռուպցիա կա: Եթե սա ես ուղարկեմ դատախազություն, փաստորեն, իրենց աշխատակիցներին են ուղարկել, իրենք չեն էլ ուսումնասիրի»:

Գագիկ Խաչատրյանը պնդեց, որ որեւէ խախտում չկա. «Եթե լրացուցիչ փաստեր եք ուզում, կարող ենք տրամադրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930