«Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» խաղարկային կինոնախագիծը այս տարվա մարտի 31-ից ապրիլի 3-ը մասնակցել է Վիլնյուսի միջազգային կինոփառատոնի կողմից ընտրված 16 անավարտ կինոնախագծերի ներկայացման Meeting Point – Vilnius ծրագրում:
Հովհաննես Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական կինոնախագիծը արժանացել է հրավիրված հյուրերի` կինոփառատոնների սելեկցիոներների, արտադրողների, ֆիլմերի վաճառքով զբաղվող գործակալների ուշադրությանը: Նրա խոսքով, օրինակ հայտնի FilmNewEurope (FNE) տեղեկատվական կայք-ցանցը անդրադարձել է 16 անավարտ կինոնախագծերին` առանձնացնելով հատկապես 3 միջազգային հեռանկարային կինոնախագիծ, այդ թվում` «Լուսավոր շրջանը»:
«Meeting Point – Vilnius-ի շրջանակներում անցկացվող միջազգային կոնֆերանսում ներկայացվել է Եվրոպական կինոլսարանի հետաքրքրությունների վերլուծությունը, որն անցկացվել է 7 երկրներում եւ ի հայտ է բերել կինոլսարանի նախասիրությունները: Մասնակիցները քննարկել են կինոարդյունաբերության ժամանակակից տենդենցները, մարտահրավերներն ու հեռանկարները: Հյուրերի թվում են եղել ֆրանսիական կինոյի դասական Լեո Կարաքսը, Օսկարակիր Միշել Հազանյավիչյուսը»,-հայտնեց կինոռեժիսորը:
Հավելենք, որ ` «Լուսավոր շրջանը» «Պարալլելս Ֆիլմի» երրորդ լիամետրաժ կինոնախագիծն է` «Խճճված Զուգահեռներ» եւ «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմերից հետո: Այն ժամանակակից քաղաքային դրամա է` ամուսինների փոխհարաբերությունների մասին:
Կարդացեք նաև
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Հովհաննես Գալստյանը եւ Մարինե Զաքարյանը, աշխատանքներին մասնակցել է նաեւ կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը: Նախագիծը զարգացել է Եվրոպական կինոյի զարգացման մի շարք ծրագրերով: Հայկական կողմից ֆիլմի պրոդյուսերն են Հովհաննես Գալստյանը, Րաֆֆի Նիզիբլյանը, Կարեն Ծատուրյանը: Օպերատորն է Միհրան Ստեփանյանը: Ստեղծագործական խմբում են Մադլեն Խաչատրյանը, Նարեկ Մարտիրոսյանը: Հովհաննես Գալստյանը նշեց, որ դերասանական կազմում կընդգրկվի նաեւ հանրահայտ կինոաստղ, որի անունը ավելի ուշ կհայտնեն: Ֆիլմը էկրան կբարձրանա 2016-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ