Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. Պետք է հասնենք նրան, որ ամբողջ Երևանում ապահովվի շուրջօրյա անխափան ջրամատակարարում

Ապրիլ 08,2015 17:19

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրիի հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով վերջին տարիներին իրականացված համատեղ ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել:

«Մայրաքաղաքի բնակիչների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիներին մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: Սակայն դեռ կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս ամենօրյա հետևողական աշխատանք պետք է տարվի արդյունավետ լուծումներ գտնելու համար: Պետք է հասնենք նրան, որ ամբողջ Երևանում ապահովվի շուրջօրյա անխափան ջրամատակարարում և, որ ամենակարևորն է, բնակիչները գոհ լինեն մատուցվող ծառայությունների որակից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրին էլ իր հերթին, գոհունակություն հայտնելով համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքներից, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է:

«Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում մենք մշտապես զգացել ենք քաղաքապետարանի ու անձամբ Ձեր աջակցությունը և վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում, մենք ամբողջությամբ կյանքի կկոչենք: Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ մեր համագործակցությունն իսկապես հաջողված է և, համոզված եղեք, որ «Վեոլիա» ընկերությունը պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Մալիկա Ղենդուրին:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել «Երևան Ջուր» ընկերությանը, որպեսզի բնակիչների կողմից բարձրացվող ոլորտային հարցերին տրվեն արդյունավետ լուծումներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930