Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման շրջանակներում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում է:
Ապրիլի 8-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց մարզի՝ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի Դիլիջանի փնջի համայնքներ: Ծրագրի համաձայն`համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքները կմիավորվեն, խոշորացված համայնքի կենտրոնը կլինի Դիլիջանը: Հանդիպելով փնջում ընդգրկված համայնքների բնակիչների հետ՝ նախարար Երիցյանը բնակչությանը մանրամասն բացատրում է խոշորացման ծրագրի էությունը, մատնանշում ծրագրի իրականացման հաջողված փորձը այնպիսի պետություններում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ: «Այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն կտա համայնքներին համաչափ զարգանալ, այլև` թույլ կտա էլ ավելի շատ միջազգային ներդրումներ ապահովել համայնքներում, իսկ դրանց վերահսկողությունը դարձնել ավելի արդյունավետ: 866 համայնք կառավարելը շատ ավելի դժվար և պակաս արդյունավետ է: Օրինակ՝ մի համայնքում կա գործարան, մյուսում՝ մանկապարտեզ, երրորդում՝ հանրակրթական ու երաժշտական դպրոց, իսկ չորրորդում` մշակութային կենտրոն, մինչդեռ, հարակից գյուղում դրանց մի մասը բացակայում է: Այնպես պետք է անենք, որ ոչ մի համայնքի ոչ մի երեխա չմնա, օրինակ, առանց երաժշտական կրթության: Խոշորացման ծրագիրը ենթադրում է, որ այս բոլոր համակարգերը կարող են օգտագործվել փնջում ներառված համայնքների բնակիչների կողմից հավասարապես: Միջհամայնքային կապը ակտիվացնելու համար միջոցները չեն խնայվի դրանք կապող ճանապարհների բարեկարգման համար, իսկ բնակիչների համար կգործի միջհամայնքային տրանսպորտ»- տեղեկացրել է Ա. Երիցյանը:
ՏԿԱԻ նախարարը շեշտեց, որ համայնքների խոշորացման ծրագիրը կառավարության կողմից պարտադրվող բարեփոխում չէ: Ծրագրի մեկնարկի համար մայիսի 17-ին նախատեսված է անցկացնել տեղական հանրաքվեներ, որոնց միջոցով էլ բնակիչները կորոշեն՝ համաձայն են ծրագրի իրականացմանը, թե՝ ոչ:
ՏԿԱԻ նախարարի հետ զրույցում բնակիչները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու համայնքներում առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են աշխատատեղերի ստեղծմանը, միջհամայնքային հողերի ու արոտավայրերի տնօրինմանը, գյուղտեխնիկայի պակասի, ճանապարհների, կրթական-մշակութային համակարգի խնդիրների լուծմանը:
Կարդացեք նաև
Պատասխանելով համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ գյուղացիներին հուզող հարցերին՝ ՏԿԱԻ նախարարը նշեց նաև, որ խոշորացման ծրագրի արդյունքում համայնքային հողերի և արոտավայրերի ավելի արդյունավետ օգտագործում կապահովվի, իսկ գյուղերն իրենց անունները և ավանդույթները չեն փոխելու, պարզապես կոչվելու են բնակավայրեր, որոնք ընդգրկված են մեկ համայնքում: Համայնքը ունենալու է մեկ ղեկավար, սակայն գյուղապետերը նույնպես շարունակելու են աշխատել իրենց գյուղերի համար, իսկ համայնքներին հատկացվող բյուջեն որևէ կերպ չի կրճատվելու, ընդհակառակը՝ այն ավելանալու միտում ունի: Նախարարի խոսքով՝ համայնքների խոշորացման ծրագիրը որևէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու գյուղացիների համար: «Յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր ղեկավարը, որը լիազորված կլինի տեղեկանքներ տրամադրել տեղի բնակչին, և գյուղացին ստիպված չի լինի անհրաժեշտ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրել: Համայնքի կենտրոնում լինելու են նոտարական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներ», – եզրափակեց Ա. Երիցյանը: Գյուղացիների այն հարցին, թե ինչպես են բաշխվելու համայնքային բյուջեները և արդյոք փոքր բնակավայրերը չեն մատնվի անուշադրության՝ նախարար Երիցյանը պատասխանեց, որ բնակավայրերին տրամադրվող միջոցները լինելու են թիրախային և վերահսկվելու են կառավարության կողմից:
Լրագրողների հետ զրույցում Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ինչպես նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված գյուղերի ղեկավարները նշեցին, որ բնակչությունը ծրագրի հետ կապված իրազեկման որոշակի խնդիրներ ուներ, սակայն ՏԿԱԻ նախարարի բացատրական աշխատանքներից հետո գյուղացիների շրջանում նկատվում է դրական վերաբերմունք, և նրանք պատրաստ են դրա պիլոտային տարբերակի գործարկմանը:
ՀՀ ԱԻՆ