Լրահոս
Օրվա լրահոսը

Երկար տասնամյակներ եկեղեցու առջև դրվել և դրված է մնում Կոմիտաս Վարդապետի սրբադասման հարցը

Ապրիլ 08,2015 17:09

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայ առաքելական եկեղեցին կկատարի Եղեռնի զոհերի սրբադասման կարգ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սրբադասման արարողության և ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ապրիլի 23-ը մեր հավատացյալ ժողովրդի և եկեղեցու համար կարևորագույն օր է. հենց այդ օրը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

«Սրբադասումից հետո այլևս Ցեղասպանության նահատակների համար հոգեհանգստյան արարողություն չի կատարվելու: Կկատարվի հիշատակի կարգ, որի ժամանակ խնդրելու ենք նրանց՝ սրբերի բարեխոսությունը»,- ասաց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Արքեպիսկոպոսի տեղեկացմամբ՝ ապրիլի 22-ի երեկոյան Մայր աթոռում տեղի կունենա հսկման արարողություն, որին կմասնակցեն նաև քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ապրիլի 23-ի առավոտյան՝ սուրբ պատարագի արարողություն, որին կհաջորդի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, այնուհետև՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում կկատարվի Բարեխոսական աղոթքի արարողություն:

Հանձնախմբի անդամ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ ապրիլի 22-ի գիշերը՝ հսկման արարողության ժամանակ, մասունքները դրվելու են հատուկ մասունքարաններում և հաջորդ օրը ներկայացվելու են սրբադասման կարգի՝ հողազերծում, հարգանքի ընծայում ներկաների կողմից: Բացի Մայր աթոռում եղած մասունքներից, մասունքներ են բերվել նաև Դեր Զորից, Կիլիկիո կաթողիկոսարանից:

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ հավելեց, որ 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Մայր աթոռում Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կանգնեցված Հայոց ցեղասպանության աղոթքի և ուխտի խաչքարի տակ պահվել և պահվում են Դեր Զորից բերված մասունքներ, որոնք նույնպես կհանվեն այդ օրը:

Դառնալով Կոմիտաս Վարդապետի սրբադասմանը՝ Տ. Նաթան արքեպիսկոպոսն ասաց, որ ապրիլի 23-ին կայանալիք սրբադասման հետ Կոմիտաս վարդապետի սրբադասում տեղի չի ունենա, քանի որ անհատական սրբադասումը բավականին երկար գործընթաց է:

«Երկար տասնամյակներ եկեղեցու առջև դրվել և դրված է մնում Կոմիտաս Վարդապետի սրբադասման հարցը: Վարդապետի պարագայում սրբադասման համար ստեղծված հանձնախումբն իր աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր եզրակացությունները կներկայացնի Եպիսկոպոսաց ժողովում: Քննարկումներից և որոշումից հետո նոր այդ հարցը իր վերջնական լուծումը կստանա: Դեռևս չեմ կարող ասել, թե երբ կլինի»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930