Հայաստանի իշխանությունները դեռևս հրաժարվում են ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը և այդ պատճառով, այս տարի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանին ուղղված հանձնարարականների գրեթե կեսը վերաբերում էր հենց գենդերային հավասարությանն ու կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը:
Հունվարի 22-ին ՀՊԴ-ի շրջանակում ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 189 երկրներից 61-ը Հայաստանին ուղղել էին իրենց հանձնարարականները մասնավորապես՝ գենդերային խտրականության վերացման, կանանց իրավունքների պաշտպանության և «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք ընդունելու շուրջ:
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ այս հանձնարարականները լրացուցիչ խթան կհանդիսանան ՀՀ կառավարության համար, ի վերջո, ընդունելու «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը:
«Երկրների մեծ մասը անդրադարձավ Հայաստանում գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման հարցում իրավական ակտերի ընդունմանը: Սա նշանակում է, որ միջազգային մակարդակով այս խնդիրը գիտակցվում է, որ կա Հայաստանում, և պետությունները առաջարկություններ են կատարում, որպեսզի վիճակը բարելավվի: Սա խթան պետք է հանդիսանա կառավարության համար ու, հերթական լծակը պետք է լինի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը Հայաստանում ընդունելու համար», – ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի տնօրեն Աննա Նիկողոսյանը:
Կարդացեք նաև
Քանի որ ՀՊԴ-ի շրջանակում հնչած հանձնարարականներին Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի մինչև այս տարվա հունիս՝ որոշելով թե որոնք է ստանձնում որպես միջազգային պարտավորություններ, որոնք ընդունում՝ որպես ի գիտություն, ՀԿ-ների ներկայացուցիչները այս ամիսների ընթացքում պատրաստվում են լայնածավալ բանակցություններ սկսել օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, որպեսզի օրենքը ընդունվի:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը ասում է, որ առանձին օրենքի առկայությունը կարող է արդյունավետ միջոց հանդիսանալ ընտանեկան բռնության դեպքում անպատժելիությունը վերացնելու համար:
«Գործող օրենսդրությամբ սահմանված չէ «ընտանեկան բռնություն» հասկացությունը, ինչի հետևանքով դրանից բխող հարաբերությունները չեն կարգավորվում: Առաջարկվող օրենքի նախագիծը մի շարք մեխանիզմներ է պարունակում ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ, որոնք էլ թույլ կտան նախ ազդել բռնարարի վրա` նրան հնարավորություն տալով ուղղել իր վարքագիծը և խուսափել բռնության այն անդառնալի հետևանքներից, որոնք են անձի առողջությանը վնաս հասցնելը, մահը, ընտանիքի քայքայումը և այլն»,-նշում է Խաչատրյանը:
Իրավապաշտպանները վստահ են, որ օրենքի առկայության և դրանից բխող տարբեր կառույցների ու մեխանիզմների ձևավորման շնորհիվ հնարավոր կլիներ փրկել շատերի կյանքը, կանխել երեխաների նկատմամբ բռնությունները ու կանխել ընտանիքների քայքայումը:
Օրենքի նախագիծը մշակվել է ՀԿ-ների կողմից, որը վերջին ամիսներին պարբերաբար քննարկման է դրվել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել: ՀԿ-ները անգամ Ազգային Ժողով են ներկայացրել Երևանից և մարզերից հավաքած 3500 ստորագրություն, որոնցով քաղաքացիները իրենց համաձայնությունն են տվել նման օրենք ընդունելու անհրաժեշտությանը:
Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը, որն աշխատել է օրենքի նախագծի վրա, ասում է, որ ընտանեկան բռնության ընկալումը իրավապահ համակարգի մոտ բացակայում է և շատ հաճախ ընտանեկան բռնության դեպքերը որակվում են՝ որպես հանցագործության սովորական դեպքեր:
«Ե՛վ դատարանում, և՛ գործի քննության ընթացքում ընտանեկան բռնության գործի առանձնահատկությունները հաշվի չեն առնվում: Այս օրինագծի հիմնական նպատակը, նախևառաջ, ընտանեկան բռնության կանխարգելումն է և զոհերին պաշտպանություն, աջակցություն տրամադրելը»,-նշում է Գալստյանը:
Օրինագծում նախատեսված են նաև ընտանեկան բռնության կանխարգելման հատուկ մեխանիզմներ, որպեսզի բռնության ենթարկված անձի անվտանգությունն ու պաշպանությունը համապատասխան կերպով իրականացվի:
«Օրինակ՝ արգելվում է բռնության ենթարկվածի մասին տեղեկատվություն տրամադրելը, նրա գտնվելու վայրը փնտրելը, 100 մետրից ավելի մոտենալը, նրա հետ հեռախոսային, կամ նամակագրական կապ հաստատելը: Պետք է լինի նաև զոհին ժամանակավոր բնակության համար ապաստանով ապահովելը: Այս բոլորը պահանջներ են, որոնք մենք չունենք օրենքի մակարդակով, իսկ ՀԿ-ները սիրողական մակարդակով են մինչ օրս այդ ամենը ապահովում»,-ընդգծեց Գալստյանը:
Նշենք, որ 2014-ին, ՄԻՊ-ի գրասենյակում գրանցվել է ընտանեկան բռնության հարցերով 201 ահազանգ, ինչը 2013-համեմատ ավելի է 25-ով:
Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» վիճակագրական տվյալների՝ ընտանեկան բռնության ահազանգերի թիվը 2014-ին կազմել է շուրջ 2500, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 500-ով: Մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքերի թիվը 2014-ին եղել է 11, որը ամենաբարձր ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ:
Համաձայն ՀՀ Ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալների՝ 2014-ին գրանցվել է 686 ընտանեկան բռնության դեպք, մինչդեռ 2013-ին դեպքերի թիվը կազմել է 580:
ՀԿ-ների ներկայացուցիչները, վերլուծելով վիճակագրական տվյալները, արձանագրում են, որ ոչ թե ընտանեկան բռնության թիվն է կտրուկ աճել, այլ իրենց իրազեկման աշխատանքների շնորհիվ կանանց իրավագիտակցությունն է բարձրացել, և հիմա կանայք ավելի շատ են դիմում համապատասխան կառույցներին իրենց իրավունքների պաշտպանության համար:
Չնայած առկա իրավիճակին՝ խնդիրը, քաղաքացիական հասարակության կարծիքով, համապետականորեն լուրջ չի ընկալվում:
«Մեր առաջարկած օրենքի նախագիծը ունի ևս մեկ կարևոր բաղադրիչ: Դա տարբեր ոլորտներում մասնագետների վերապատրաստումն է, որը կնպաստի օրինակ՝ ոստիկանական համակարգում ոստիկանների պատասխանատվության ու մոտեցումների փոփոխմանը: Այսինքն` այստեղ կրթական մաս էլ կա»,-ընդգծում է Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2011-2015 թթ-ի համար ունի երկու կարևոր ռազմավարական ծրագիր: Մեկը վերաբերում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման գենդերային քաղաքականությանը, իսկ մյուսը՝ սեռով պայմանավորված ընտանեկան բռնություններին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի վարչության պետ Արմենուհի Թանաշյանը ասում է, որ այս տարի նախարարությունը մշտադիտարկում է իրականացնելու և գնահատելու այն բոլոր ռազմավարական ծրագրերը, որոնք իրականացվել են անցած տարիների ընթացքում թե՛ մարզերի, և թե՛ համապատասխան գերատեսչությունների կողմից:
«Ռազմավարական ծրագրերի մոնիտորինգը համադրելու ենք այն բոլոր պարտավորությունների հետ, որոնք Հայաստանը ստանձնել է մասնավորապես կանանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքում հաշվի կառնվեն այն բոլոր բացերը, որոնք այս տարիներին չեն իրականացվել, և կարծում եմ, հնարավոր կլինի անդրադառնալ նաև «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի մշակմանը»,-նշում է Թանաշյանը:
Նա հավելում է, որ պետությունը ընդունում է ընտանեկան բռնության գոյությունը և առաջին անգամ այդ սահմանումը տվել է 2014-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքով, որտեղ կանխարգելման և պաշտպանության առումով որոշակի կարգավորումներ են մտցվել:
«Ամեն դեպում ՄԱԿ-ի ՀՊԴ-ի շրջանակում հնչած հանձնարարականները ևս մեկ անգամ հիշեցրեցին պետական կառույցներին կրկին ուշադրություն դարձնելու այս խնդրին, սա դրդող հանգամանք է: Իհարկե, այս խնդիրները չէին վերացել մեր օրակարգից, պարզապես այդ հանձնարարականները նոր խթան կհանդիսանան չլուծված խնդիրներին անդրադառնալու համար»,-ընդգծում է Թանաշյանը:
Նշենք, որ բացի ՄԱԿ-ի ՀՊԴ-ի շրջանակում հնչած հանձնարարականներից, Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր` հստակ պարտավորություն ստանձնելով միջոցներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության վերացման, կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման ուղղությամբ:
Օրենքի ընդունումը բխում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայից, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականներից, ԵԽ Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերից, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջներով և միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորություններից և իհարկե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի առաջարկներից:
«Հետևաբար, ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը ոչ թե պետության կողմից ստանձնած բարի կամքի դրսևորում է, այլ հստակ ստանձնած պարտավորություն միջազգային հանրության և մեր հասարակության առջև»,-ընդգծում է Օմբուդսմենի խորհրդականը:
Անդրադառնալով հետագա քայլերին՝ ՀԿ-ների ներկայացուցիչները նշում են, որ շարունակելու են շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծը՝ նախևառաջ իրազեկելով պատգամավորներին այս հարցի կարևորության շուրջ:
«Որովհետև շատերը չեն ընկալում հարցի և խնդրի կարևորությունը, թե ինչքան շատ են դեպքերը: Հանդիպելով տարբեր պատգամավորների հետ՝ մյուս կողմից մենք շարունակելու ենք այդ խնդիրը բարձրացնել հանրության շրջանում, քանի որ միայն օրենք ընդունելով հարցը չի լուծվի: Օրենքի ընդունումը ընտանեկան բռնության դեմ պայքարելու ամենաառաջին և կարևոր փուլն է»,-հավելեց Ահարոնյանը:
Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm