«Բոլորը հարկերը պետք է վճարեն, դա առաջին օրն եմ ասել, երբ նշանակվել եմ վարչապետ: Միանգամից չի ստացվելու, բայց ես շարունակելու եմ այդ գործունեությունը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին ՀՀԿ-ական գործարարներին պատկանող սեփականություններում ընթացող ստուգումներից:
Լրագրողները վարչապետին շրջափակել էին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալիս: Նա պատգամավորների հետ խորհրդարանական հարցուպատասխանին մի փոքր շուտ էր եկել, որ հասցնի շնորհավորել ԱԺ նախագահի ծնունդը:
«Տնտեսության զարգացման ուղղությամբ շատ լուրջ ծրագրեր են իրականացվում և շուտով կտեսնեք»,-խոստացավ վարչապետը:
«Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»,- այսօր տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին`համաձա՞յն է Հովիկ Աբրահամյանը, որ երկիրը սնանկացման եզրին է, վարչապետն ասաց. «Մտահոգությունները մենք ունենք, դա ուղղակի կապված չէ միայն ՀՀ կառավարության հետ: Կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ, աշխարհում ընթացող բոլոր գործընթացների, տարածաշրջան, նաեւ ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների: Մենք անում ենք քայլեր, ծրագրեր, որը կնվազեցնի եւ ես համոզված եմ, որ մենք ապագայում, տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, որ կիրականացվեն, տնտեսության ակտիվացում կնկատվի»
Լրագրողներից մեկը նկատեց, որ Հովիկ Աբրահամյանը մեկ տարի առաջ էլ խոստումներ տվեց, լուրջ ծրագրերից խոսեց ու հետաքրքրվեց`դրանք իրականացվե՞լ են, որ նոր ծրագրերից եք խոսում, նոր ժամկետներ եք ասում: «Ես ձեզ ժամկետ չեմ խոստանում, ոչ էլ պարտավոր եմ»,- ասաց վարչապետը:
Հարց հնչեց նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» հետ կատարվածի մասին: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Բոլորը օրենքի առաջ հավասար են, դա օրենքի շրջանակներում է եղել»: Լրագրողները հետաքրքրվեցին հնարավո՞ր է «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամները քաղբանտարկյալներ դառնան: «Քաղբանտարկյալ մեր երկրում չկա ու չի էլ լինելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մանրամասները` տեսանյութում
Վարչապետը խոստացավ առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել եւ պատասխանել լրագրողներին հուզող բոլոր հարցերին:
Իր խնամու`ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին հարցերը Հովիկ Աբրահամյանն անտեսեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ