ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժինը դիմել էր վարչական դատարան՝ ընդդեմ իրավաբան, խմբագիր, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի եւ պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել՝ կապված 2013թ. օգոստոսի 1-ի դեպքերի հետ: Հիշեցնենք՝ խոսքը տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասին է:
Արգիշտի Կիվիրյանը հանդես էր եկել հակընդդեմ հայցով՝ ընդդեմ ոստիկանության՝ իրեն ազատությունից եւ անձեռնմխելիությանն ուղղված ոստիկանության գործողությունների դեմ: Խոսքը ոստիկանությունում 3 ժամ ազատությունից զրկելու, նրան վարչական ձերբակալության ենթարկելու մասին էր:
Դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց վարչական գործի քննությունը: Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը դատարանին ներկայացրեց Հատուկ քննչական ծառայությունից ստացված նյութերը, մասնավորապես՝ 2014թ. հոկտեմբերի 28-ի վարույթը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Դատարան ներկայացրած վարչական վարույթի նյութերից պակասում էր առաջին երկու էջը եւ Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանը եւ Լուսինե Սահակյանը պահանջեցին, որպեսզի ոստիկանությունը հիմնավորի, թե ինչու են պակասում գործի նյութերից առաջին 2 էջերը, իսկ ոստիկանության պատասխանը, թե «հետաքննչական վարույթ» է ուղարկվել առաջին-երկրորդ էջը, արժանացավ Կիվիրյանների զայրույթին: Լուսինե Սահակյանը հարցրեց՝ ո՞վ է որոշել վարչական վարույթը, ո՞վ է առանձնացրել այն եւ նաեւ գնահատելով բացահայտվածը, հայտնեց. «Ամբողջական չէ վարչական վարույթը, ինչ-ինչ մարդիկ փաստաթղթեր են վերցրել»:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ներկայացուցիչը հավելեց, որ Արգիշտի Կիվիրյանից բացատրություն չի վերցվել, քանի որ նա հրաժարվել է ստորագրել եւ դա է եղել պատճառը, որ դատարանում Արգիշտի Կիվիրյանի բացատրությունը առկա չէ: Ըստ նրա՝ իրենք նախորդ նիստում են հիմնավորել, թե ֆիզիկական ուժը ինչու է կիրառվել Կիվիրյանի նկատմամբ: Ավարտելով իր ճառը՝ ոստիկանության ներկայացուցիչը հորդորեց հարգել ամենատարրական կանոնները:
Կարդացեք նաև
Արամազդ Կիվիրյանը պնդեց իրենց հակընդդեմ հայցը: Նա ասաց, որ նախորդ նիստում դատարան է բերվել վրանը եւ որ ոստիկանությունը այդպես էլ չհիմնավորեց, թե ի վերջո Արգիշտի Կիվիրյանը վրան խփե՞լ է, փորձե՞լ է, մանավանդ որ ոստիկանությունը հայտարարել էր, թե ձողերով փորձել է տարածքում վրան խփել: Իսկ հետազոտված վրանի վրա ձողերի տեղ չի եղել: Կիվիրյանի ներկայացուցիչները դատարանում հղում արեցին ՄԻՊ-ի որոշմանը, որը ոստիկանության որոշումները համարել է ոչ իրավաչափ, անգամ հորդորել է ոստիկանապետին՝ ծառայողական քննություն անցկացնել: Ինչ վերաբերում է, թե ինչու է Կիվիրյանը հրաժարվել բացատրություն տալուց, նրա ներկայացուցիչ եղբայրը՝ Արամազդ Կիվիրյանն ասաց, որ Արգիշտիին ոստիկանությունը առեւանգել է, երբ նա որեւէ խախտում չի արել, իսկ հրաժարվելն էլ Կիվիրյանի իրավունքն է: Իսկ Լուսինե Սահակյանն էլ ոստիկանությանը հորդորեց, որպեսզի տարրական կանոնների մասին տեղյակ լինի, իսկ վարչական ձերբակալումը համարեց պատժամիջոց՝ ուղղված Արգիշտի Կիվիրյանի դեմ:
Դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 30-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Արգիշտի Կիվիրյանի դեմ մի քանի գործ կա վարչական դատարանում, մասնավորապես՝ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ Շանթ Հարությունյանի պաշտպանության գործով, Պերմյակովի դեմ գործով, «Բաղրամյան 26-ի գործը»՝ Պուտինի այցի դեմ, «դդումների» գործը՝ Հելոինի օրը կազմակերպված, Կոմիտաս 5-ի գործը, մոմավառության՝ երբ օպերայի տարածքում արգելել էին, եւ մեկ քրեական գործ, որի դատաքննությունը ընթանում է Արաբկիրի դատարանում: