«Կարելի է չհամաձայնել շատ դրույթների հետ, բայց պիտակավորել հանձնաժողովին՝ նպատակահարմար չէ: Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել: Ես ինքս գիշերներ եմ լուսացրել այս փաստաթղթի վրա: Այս փաստաթղթի մեջ կան հանձնաժողովի անդամներ, որ մի տող անգամ չեն գրել»,- ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գազի հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը այսպես պատասխանեց ընդդիմադիրների քննադատություններին՝ Գազի հանձնաժողովի զեկույցի մասին:
«2011-ին, ճգնաժամի ամենածանր տարիներին միայն լուրերը, որ կարող է գազի սակագինը բարձրանա, արդեն խուճապ էր առաջացնում: Կառավարությունն ինչ է ասել, ասել է՝ մի շտապեք սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել: Կառավարությունն իրավունք ուներ մասնավոր ընկերության հետ բանակցություններ վարել, դա հակասահմանադրական չէր, միանշանակ, դրա իրավունքն ուներ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նա վստահեցրեց, որ բաժնետերը պարտավորություն է կրում ընկերության պարտքերի համար: Մինչդեռ ընդդիմադիրները, մասնավորապես, Լեւոն Զուրաբյանը Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքից մեջբերում էր արել՝ ասելով, որ բաժնետերը պարտավոր չէ վճարել ձեռնարկության պարտքերի համար, ինչպես ՀՀ կառավարությունն է արել՝ 300 մլն դոլարի գազի պարտքի դիմաց տալով իր 20 տոկոս բաժնեմասը. «Ես պատրաստ եմ սա դարձնել իրավական կարգավորման առարկա: Ներկայացնել, թե գրածն աբսուրդ է՝ թույլ տվեք….կարող եք ունենալ ձեր մեկնաբանությունները: Հանձնաժողովը ահռելի աշխատանք է կատարել: Դեռ պետք է կատարենք, այս փաստաթղթով կարելի է համակարգային բնույթի խնդիրներ լուծել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ