Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ ներկայացուցիչ. «Հ/կ-ների մասին օրենքն ավելի ազատականացվել է»

Ապրիլ 08,2015 16:20

Արդարադատության նախարարությունն այսօր հասարակական կազմակերպություններին ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որի նախնական տարբերակը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, բազմաթիվ հ/կ-ների մոտ բողոքի ալիք էր բարձրացրել:

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը այսօր լրագրողներին ներկայացրեց, որ օրենքում կարեւոր կառուցողական փոփոխություններ են կատարվել: Փոխնախարարը նախ առանձնացրեց կազմակերպությունների ինքնակառավարման զարգացումը. «Ի տարբերություն գործող օրենքի, այս օրենքը բավականին մեծ հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին ինքնուրույն որոշել, թե ինչպիսի կառավարման համակարգեր պիտի կիրառեն եւ ինչպիսի ճկունություն պետք է ունենան կառավարման տեսանկյունից»:

Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության խնդիրը օրինագծի նախնական տարբերակում ամենաշատ բողոքի տեղիք տվող կետն էր: Ըստ փոխնախարարի՝ հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում որոշվել է հաշվետվողականության երկու ձեւ կիրառել. «Հանրային եւ պետական բյուջեներից ֆինանսավորվող հ/կ-ները պետք է հանրային հաշվետվողականություն ներկայացնեն, իսկ պետական բյուջեից չֆինանսավորվող կազմակերպությունը պետք է հաշվետու լինի իր անդամներին, որպեսզի միավորում կազմելու իրավունք ունեցող մարդիկ նույնպես տեղյակ լինեն հ/կ-ների գործունեությունից»:

Կամավորների ներգրավման իրավունքը նույնպես տեղ է գտել օրենքի լրամշակված տարբերակում. «Կամավորներ ներգրավելու իրավունք ունեն միայն «Բարեգործության մասին» օրենքի շրջանակներում եւ, ըստ էության, հ/կ-ներն այսօր լայն հնարավորություն չունեին իրենց գործունեության մեջ ներգրավել կամավորների»:

Օրենքի նախագծով հ/կ-ներին նաեւ հնարավորություն է տրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. «Սա բխում է ֆինանսական կայունության սկզբունքից: Հ/կ-ները կարող են առեւտրային կազմակերպություն ստեղծել եւ միայն դրա միջոցով ձեռնարկատիրական գործունեություն ծավալել»:

Փոխնախարարը նախագծում ներդրված հաջորդ կարեւոր կետն էլ համարում է հ/կ-ների դատարան դիմելու իրավունքը, որի համաձայն բնապահպանական եւ մշակութային իրավունքների պաշտպանության հայցերով հ/կ-ները կարող են դիմել դատարան:

Եթե մինչ օրենքի լրամշակված տարբերակը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն նշում էին, որ օրենքի նախագծի նախնական տարբերակում տեղ գտած կետերը կարող էին պետական վերահսկողության լծակներն ավելի ուժեղ դարձնել, ապա հիմա նրանցից շատերը կարծում են, որ օրենքը ազատականացվել է:

Մեզ հետ զրույցում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – Սիվիտաս» հ/կ տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը կարեւորեց այն, որ հ/կ-ներին հնարավորություն է տրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որը հնարավորություն կտա հասարակական կազմակերպություններին ավելի ինքնաբավ լինել եւ ավելի կայուն լինել:

Ըստ զրուցակցի՝ մտահոգիչ կետերը վերացվել են, օրենքով հ/կ-ների գործունեությունն ավելի է դյուրացվել. «Կար կարծիք, որ հաշվետվողականության մեխանիզմն է ուժեղացվելու, սակայն այս նախագծով դրա խնդիրը ես չեմ տեսնում: Այն բոլոր կազմակերպությունները, որոնք բաց եւ հաշվետու աշխատել են, իրենց համար խնդիրներ չեն ստեղծվի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930