Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր պաշտոնազրկել է Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի օպերատիվ գծով փոխոստիկանապետ Արա Ազնաուրյանին: Վերջինս, ըստ այս համակարգի աշխատակիցների, երկար տարիների աշխատող է և ոստիկանության «Մուշ» բաժնի ստեղծումից հետո զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետը նրա փոխարեն նշանակել է Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի քրեական բաժանմունքի պետ Կարեն Գևորգյանին:
Հիշեցնենք, որ Գյումրու Թատերական հրապարակում ոստիկանների ներկայությամբ, ժողովրդի աչքի առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելուց հետո ՀՀ ոստիկանապետը պաշտոնազրկել էր նաև Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Վարդանյանին՝«Պանել Աշոտին»: Իսկ դրանից մեկ օր առաջ պաշտոնազրկել էր «Մուշ» բաժնի ոստիկանապետ Հրաչ Սահակյանին՝ նրան ևս գործազուրկ թողնելով:
Իսկ երեկ, ինչպես հայտնի է, Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց իր մոտ ընկերոջը՝ Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանին:
Ըստ մեր աղբյուրների, թեև իշխանությունների կողմից հրահանգված է եղել սադրանքներ հրահրել Հիմնադիր խորհրդարանի՝ Գյումրիում կազմակերպած հանրահավաքի ժամանակ, սակայն դանակահարությունը բոլորի համար անսպասելի է եղել: Հրահանգ տվողները անակնկալի են եկել՝ իմանալով, որ գողական ջահելներն անցել են իրենց համար հարազատ մեթոդների կիրառմանը՝ դուրս գալով մշակված պլանից: Կան ենթադրություններ, որ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկումներով փորձում է փրկել ոստիկանության պատիվը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ