«Ռեժիմը վախեր ունի, եւ պարզ է, երբ մարդ վախեր ունի, ապա դիմում է ծայրահեղ քայլերի»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությանը, ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հորդորեց իշխանություններին, որպեսզի անմիջապես բաց թողնեն Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներին. «Ես որեւէ իրավական հիմք չեմ տեսնում. Որեւիցե իրավական հիմք գոյություն չունի: Սա ապօրինի ձերբակալություն է, ապօրինի քրեական հետապնդում է: Այլ քաղաքական հայացքներ ունենալու համար են նրանց ձերբակալել»:
Անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հայտարարությանը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց՝ Ազգային անվտանգության ծառայության եւ Քննչական կոմիտեի ղեկավարները, եթե խոսում են բարոյականությունից, ապա պետք է իրենց նայեն. «Երբ հունվարի 12-ին այդ անբարո գործողության հետեւանքով սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամները, այդ ժամանակ պետք է հետամուտ լինեին: Եթե այդ անձը՝ Վալերի Պերմյակովը, զինված փախել էր 102-րդ ռազմաբազայից, ապա ո՞ւր էին իրենք՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, Քննչական կոմիտեի աշխատակիցները: Բացի այդ՝ թույլ տվեցին, որ նրան ձերբակալեն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ուժերը, ո՞ւր էին այդ ժամանակ: Եվ եթե նրանք բարոյականությունից են խոսում, եւ եթե այդ տիրույթում ենք գնահատում, ապա այս պահին Հայաստանի Հանրապետության բազմաթիվ օրենքներ, Սահմանադրություն եւ միջազգային նորմեր են խախտվել: Եթե իրենց ուժը պատում է, թո՛ղ հենց հիմա գնան ու ձերբակալեն Վալերի Պերմյակովին, ոչ թե՝ նվիրյալ, օրինապաշտ քաղաքացիներին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ