Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը՝ Հայոց Ցեղասպանության մասին

Ապրիլ 08,2015 15:30

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտն անդրադառնում է մեկ դար առաջ Օսմանյան տիրապետության տակ ապրած անթիվ հայերի ողբերգական կորստին։ 2015 թվականին լրանում է այդ սարսափելի իրադարձությունների պայմանական մեկնարկի 100-րդ տարելիցը։

Ի՞նչ դիրքորոշում ունի ԿԽՄԿ-ն Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կոտորածի վերաբերյալ։

Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները անկասկած ողբերգական էին և շարունակում են արթնացնել ուժեղ զգացմունքներ։ Մարդասիրական տեսանկյունից դա ողբերգություն է։

Մեր հանձնագրին համահունչ՝ ցանկանում ենք շեշտել Օսմանյան տիրապետության տակ ապրած անթիվ հայերին բաժին հասած վիթխարի տառապանքները հիշելու և զոհերին ոգեկոչելու կարևորությունը։ Այս հարյուրամյա տարելիցն այն պահն է, երբ մենք ընդգծում ենք մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքի ամրապնդման և այն ջանքերի անհրաժեշտությունը, որոնք միտված են կանխելու նման ողբերգությունների կրկնությունը աշխարհի ցանկացած վայրում։

Ինչպե՞ս է ԿԽՄԿ-ն որակում այդ իրադարձություններն իրավական տեսանկյունից։

Մենք հասկանում ենք, որ մեծ հետաքրքրություն կա ճշգրտելու, թե որ երկրները կամ կազմակերպություններն են Օսմանյան տիրապետության տակ տեղի ունեցած այդ սարսափելի իրադարձությունները պաշտոնապես ճանաչում որպես ցեղասպանություն։ Սակայն, որպես չեզոք և անկախ մարդասիրական կազմակերպություն, ԿԽՄԿ-ն չի մասնակցում նմանատիպ բանավեճերի։

ԿԽՄԿ-ն միջազգային մարդասիրական կազմակերպություն է, որը 150 տարի աշխատում է բռնության իրավիճակներում։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել կազմակերպությունն այն տարիներին հայ ժողովրդին աջակցելու ուղղությամբ։

Հարյուր տարի առաջ մեր կազմակերպությունն այն չէր, ինչ այսօր է։ Ցավոք, այն ժամանակ մենք դեռ չունեինք ծավալուն ներկայություն և զոհերի համար հասանելի լինելու հնարավորություն, մի բան, որ հիմա բնորոշում է մեր աշխատանքը։ Այդ ժամանակ տիրող իրավիճակում անհնարին էր անմիջական աջակցություն ցուցաբերելը։

Այնուամենայնիվ, այդ իրադարձություններին հաջորդող մի քանի տարիների ընթացքում ԿԽՄԿ-ն օգնություն է տրամադրել հայ երեխաներին։ Այն համակարգել է մի շարք կազմակերպությունների ջանքերը՝ օգնելու Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներից տառապող երեխաներին Հայաստանում։

ԿԽՄԿ-ն ունի հին ժամանակներից պահպանվող տարատեսակ փաստաթղթերի հարուստ արխիվ։ Արդյո՞ք այն պարունակում է տեղեկություններ այդ սարսափելի դեպքերի մասին։

Այդ տարիներին առնչվող ԿԽՄԿ արխիվը բաց է հանրության համար, և հետաքրքրվող ամեն ոք կարող է ուսումնասիրել այն։ Այնտեղ գտնվող աղբյուրներն արտացոլում են ԿԽՄԿ-ի պատմական դիրքորոշումը, ինչպես նաև կազմակերպության գործողությունները, որոնք հետևանք էին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կոտորածի հանդեպ խորը մտահոգության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930