Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Անմոռուկների շքահանդես սարքեցին»

Ապրիլ 08,2015 15:16

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող, ռեժիսոր Սամվել Բեգլարյանին հարցրինք Հայաստանում մշակույթի վիճակի մասին:

Նա ասաց, որ մշակույթը ծախսեր պահանջող բնագավառ է, ինքնուրույն չի կարող գոյատեւել, հավելելով. «Այսօր երբեմն իշխանավորներն ասում են, որ թող մշակույթը ինքն իր համար ստեղծի, մոռանալով, որ ժողովուրդն աղքատ է : Մի թատերական ներկայացում բեմադրելը, գիրք տպագրելը մեծ ծախսեր է պահանջում, եթե գրքի վաճառքի, ներկայացման տոմսի համապատասխան գներ սահմանվեն, ժողովուրդը չի կարող գնել»:

Ս. Բեգլարյանի խոսքերով՝ նախկինում Նոյեմբերյանը հայտնի էր իր մշակութային դեմքով: «Ծիածան» շրջանային թերթը Հայաստանի շրջանային թերթերի մեջ լավագույններից էր, Նոյեմբերյանում արդյունավետ գործում էին ժողովրդական թատրոն, տիկնիկային խումբ , ժողգործիքների համույթ, քառաձայն երգչախումբ, որոնք այժմ չկան: 1939թ.-ից գործել է Նոյեմբերյանի թատրոնը, որը 1969թ. ստացել է ժողովրդականի կոչում: Թատրոնը հաջողված բեմադրություններ է ունեցել, մրցանակների արժանացել: Բեգլարյանն ասաց, որ ինքը կես դրույքով, 17000 դրամ աշխատավարձով, Նոյեմբերյանի թատրոնում ռեժիսոր աշխատելով՝ անցյալ տարի իր դիմումի համաձայն ազատվել է գործից:

Նա հայտնեց , որ հիմա նոյեմբերյանցիներ կան, ովքեր պատրաստ են թեկուզ անվճար խաղալ թատրոնում : Ս. Բեգլարյանն այժմ համագործակցում է Հայաստանի թատերական գործիչների միության հետ, որպեսզի Նոյեմբերյանին, որպես սահմանամերձ քաղաքի, թատրոնի ռեժիսորի հաստիք տրվի:

Նա հավելեց . «Բոլորը դարձել են նյութապաշտ, սպառողական մտածողությամբ մարդիկ, որը արդեն կամաց-կամաց վերածվում է ազգային ողբերգության: Մենք լուրջ մշակույթ ունենալ չենք կարող: Սուգը եւս մշակույթ է, մեռելոցը դա մշակույթ է, մեզ մոտ զավեշտ սարքեցին. ամեն անգամ երկուշաբթի ուրախանում են, որ չեն աշխատելու: Դուք գիտե՞ք, որ եղեռնի տարելիցը նշելը եւս մշակույթ է, մեզ մոտ անմոռուկների շքահանդես, ցուցահանդես, տոնավաճառ սարքեցին: Դա եւս մշակույթ է, որ մենք չունենք: Ազգս դարձել է նյութապաշտ, ազգս դարձել է եսակենտրոն, անմշակույթ: Իսկ հայ ժողովուրդը դարերով ապրել, հայտնի է դարձել, ճանաչվել է իր մշակույթով»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930