Լրահոս
Օրվա լրահոսը

Շպիոն Օնոյի պատմությունն ու Լեւոն Զուրաբյանի անեկդոտը՝ Գալուստ Սահակյանի մասին

Ապրիլ 08,2015 15:06

«Հիշեցի Շպիոն Օնոյի պատմությունը»,- ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին՝ գազի հանձնաժողովի եզրակացության մասին:

Իսկ իր ելույթում Լեւոն Զուրաբյանը խոսեց այն մասին, որ այն փաստաթուղթը, որը բերել է Վարդան Այվազյանը եւ ներկայացնում է ԱԺ-ին, լեգիտիմ չէ, հանձնաժողովում չեն քվեարկել:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Զարմանալու բան չկա, ի վերջո սա կատարվում է մի երկրում, որտեղ կեղծիքի վրա են կառուցում իրենց ամբողջ քաղաքականությունը երկրի բարձրագույն ղեկավարները եւ անպատիժ մնում»:

Նա պատմեց, թե ինչպես սկսեց գազային այս ամբողջ էպոպեան եւ մեզ մինչեւ ուր հասցրեց: Հիշեցրեց, թե ինչպես էին պաշտոնյաները, այդ թվում Սերժ Սարգսյանը հերքում եւ ընդդիմադիրներին սուտ հանում, երբ վերջիններս ասում էին, որ գազը Հայաստանում թանկացել է:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ բնականաբար, ինքը գուշակի փայլուն դափնիներ չի վերագրում իրեն եւ ասում, որ ինքը գիտեր գազի թանկացման մասին, իսկ Արմեն Մովսիսյանը եւ մյուսները՝ ոչ. «Իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, շատ լավ էլ իմացել են այս ամենի մասին, բայց թաքցրել են ժողովրդից: Ինչո՞ւ են թաքցրել, որ ի վերջո մի օր բացվելու է: Որովհետեւ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին դա կարող էր վնասել, ինչի պատճառով էլ կուտակվել է 300 մլն-ի պարտքը»:

Նա պատմեց Հունգարիայի վարչապետի օրինակը, որը Հունգարիայի բյուջեի դեֆիցիտի մասին ինֆորմացիան թաքցրել էր ժողովրդից, հետո մի հավաքի ժամանակ նրա խոսքերը ձայնագրել էին ու ներկայացրել ժողովրդին:

Ահա սա էլ Գալուստ Սահակյանին հիշեցրեց Շպիոն Օնոյի անեկդոտը:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ գազի կուտակված պարտքի օրինականացման հարցում իշխանությունները նույնպես դիմել են կեղծիքի, ներկայացնում են դա իբրեւ բյուջետային ծախս. «Եթե բյուջետային ծախս էր, պետք է արտացոլվեր Պետական բյուջեի մասին օրենքում: Իսկ արդյոք պետբյուջեո՞վ պետք է փոխհատուցվեր «ՀայՌուսգազարդին» կուտակված պարտքի համար՝ ապշեցուցիչ պատասխան են տալիս՝ ասելով, որ քանի որ բաժնետեր էր, պարտավոր էր: Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերը պարտավորություն չեն կրում նրա պարտավորությունների համար՝ ըստ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի: Իրականում, ինչպես ցույց է տալիս 2012-ի հոկտեմբերի 24-ի իմ բացահայտումը, գազի գների աստիճանական բարձրացումը, գաղտնի պարտքի կուտակումը եւ դրա փոխհատուցումը պետական բաժնեմասով, որոշվել էր վաղուց՝ դեռեւս 2012-ի սեպտեմբերին, իսկ մնացածն ընդամենը էժանագին ներկայացում էր»:

Իր ելույթի վերջում Լեւոն Զուրաբյանը պատասխանեց Գալուստ Սահակյանի հումորին՝ Շպիոն Օնոյի մասին. «Ինչ վերաբերում է անեկդոտներին, ես Գալուստ Սահակյանի մասին մի անեկդոտ եմ հիշել, բայց հաշվի առնելով, որ այսօր իր ծննդյան օրն է, այսօր կսահմանափակվեմ միայն շնորհավորելով»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահի ծննդյան տարեդարձն է: Նա դառնում է 67 տարեկան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930