Շաքարային դիաբետով հիվանդ երեխա ունեցող ծնողները ամսական մոտ 25 հազար դրամ ստիպված են լինում ծախսել, որպեսզի երեխաների համար գնեն ներարկիչներ ու թեսթ երիզներ, որոնք անհրաժեշտ են գլյուկոզան չափելու եւ ինսուլին ներարկելու համար: Չնայած, որ ինսուլինը երեխաներին հատկացվում է պետության կողմից անվճար, սակայն ամսական ծախսն անխուսափելի է: Երեխան, պարտադիր ամեն օր, օրը մի քանի անգամ պետք է ինսուլին սրսկվի, որպեսզի նրա մոտ այլ հիվանդությունները չզարգանան: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում այսպիսի մտահոգություն հայտնեցին Հայաստանի մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան եւ «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը` նշելով, որ դիաբետով հիվանդ երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են:
Ներկայումս մեր երկրում 435 երեխա ունի շաքարային դիաբետ: Հիվանդությամբ առաջին տեղում է Երեւանը, ապա` Կոտայքի մարզը, հիվանդություն ունեցող երեխաներից ամենաքիչը Վայոց Ձորում են: Մասնագետների խոսքերով, հիվանդության ի հայտ գալու հիմնական պատճառներից են ժառանգականությունը, մոդիֆիկացված սնունդը եւ այլն:
Ըստ Կարինե Մխիթարյանի, տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելը բավականին բարդ է, եթե ներարկիչները եւ թեսթ երիզները բացակայում են: Միջին հաշվով օրական 2 ներարկիչ է անհրաժեշտ, որն արժե 50-70 դրամ: Շաքարային դիաբետով հիվանդ երեխա ունեցող ընտանիքին եւ հատկապես երեխային անհրաժեշտ է հոգեբան, որպեսզի երեխաները կարողանան հեշտությամբ ինտեգրվել հասարակություն, չմեկուսանան եւ հետագայում էլ կարողանան ապրել լիարժեք կյանքով: Սակայն, մասնագետների խոսքերով, հոգեբանի ծառայությունն այնքան թանկ արժե, որ այդ ընտանիքները չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ:
Մասնագետները նշեցին, որ մանկական շաքարային դիաբետի դեմ պայքար ծրագիր են ներկայացրել, որը արժանացել է առողջապահության նախարարության հավանությանը, սակայն ծրագիրը, ֆինանսների բացակայության պատճառով, կյանքի չի կոչվում: Ծրագրի նպատակն այդ երեխաների կյանքի որակը բարելավելն է:
Կարդացեք նաև
Այսօր խնդիր է նաեւ մարզերում մասնագետների պակասը:
Եթե շաքարային դիաբետով երեխան ժամանակին չի սկսում իր բուժումը, ապա հիվանդությունը տանում է հաշմանդամության եւ կրճատում նրա կյանքի տեւողությունը:
Ամեն տարի դիաբետով հիվանդ երեխաների թիվը 50-ից 70-ով ավելանում է:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե տարածաշրջանի երկրների համեմատությամբ մեր երկրի ցուցանիշները ինչպիսին են, Կարինե Մխիթարյանը, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքները՝ նշեց, որ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց թվով առաջին տեղում ենք, սակայն բժիշկ Աղաջանովան ասաց, որ ընդհանուր հիվանդների մասին է խոսքը եւ որ առանձին մանկական շաքարային դիաբետով հիվանդների ցուցանիշը ցածր է:
Էնդոկրինոլոգը խորհուրդ տվեց 45 տարեկանից բարձր անձանց անպայման ստուգվել, եւ եթե նրանց մոտ շաքար չի հայտնաբերվում, ապա հետազոտությունը կրկնել երեք տարի անց. «Դիաբետի բարդությունները սկսում են զարգանալ, անգամ եթե շաքարը արյան մեջ բարձր չէ»:
Ըստ նրա, վաղ ախտորոշման եւ բուժման նպատակն այն է, որ շաքարային դիաբետով ավելի շուտ սկսեն իրենց բուժումը, լինեն հասարակության լիարժեք անդամ, ընտանիք կազմեն, երեխաներ ունենան եւ նրանց կյանքի տեւողությունը երկարի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
1. «դիաբետը» կոպիտ սխալ չէ, սակայն ունենք պարզ ու գեղեցիկ ՇԱՔԱՐԱԽՏ բառը:
2. Հայերէնում շաքարների վերջածանցը -ՈԶ է՝ գլիւկՈԶ, ֆրուկտՈԶ, սախարՈԶ, լակտՈԶ …
3. մոդիֆիկացուած – ձեւափոխուած