ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, որն օրերս հանձնաժողովի բոլոր պատգամավորների հետ Գյումրի էր այցելել սպանված Ավետիսյանների շիրիմին ծաղիկներ դնելու նպատակով, հայտարարել էր, որ ապրիլի 24-ին՝ եղեռնի 100- րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով, երբ Հայաստան ժամանի Վլադիմիր Պուտինը, այդ ընթացքում կզբաղվեն նաև Գյումրիում կատարված ողբերգության հանգամանքների քննությամբ:
Aravot.am-ը մարզային իշխանություններից հետաքրքրվեց, թե ՌԴ նախագահը արդյոք պատրաստվո՞ւմ է այցելել Գյումրի: «Բացարձակ այդպիսի խոսակցություն չկա, ՌԴ նախագահն ամենայն հավանականությամբ Հայաստան կժամանի կարճատև այցով, կգա, նույն օրն էլ կվերադառնա »,- ասաց մարզի պաշտոնյաներից մեկը:
Նշենք, որ այս քաղաքում բազմաթիվ հարցեր կան ուղղված Վլադիմիր Պուտինին, նրան տեսնելու մեծ ցանկություն ունեն նաև գազանաբար սպանված Ավետիսյանների հարազատները, որոնք այս մասին բարձրաձայնում են գրեթե իրենց բոլոր հարցազրույցներում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ