Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «թեժ փուլ» տեղափոխվել մտքեր նույնիսկ թույլ չի տալիս։ Այս մասին, ըստ ռուսական «Ռիա գործակալության», Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես համոզված եմ, որ չնայած հռետորաբանությանը՝ շահագրգիռ կողմերից ոչ ոք դա չի ուզում։ Մեր բոլոր գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, ես ի նկատի ունեմ Ռուսաստանի գործողությունները, ուղղված են հնարավորինս շուտ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն»,- մասնավորապես ասել է նա։
Լավրովը նաեւ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի կյանքը երկարաձգելու համար։ «Ծրագրվում է համագործակցություն, այդ թվում՝ մեր հայ ընկերներին ֆինանսական աջակցության տրամադրում, Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի կյանքի երկարացման ծրագիրը իրականացնելու համար»։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ